Նախագահ Սարգսյանն ամփոփել է Կատար պաշտոնական այցի արդյունքները

Նոր էջ Հայաստան-Կատար հարաբերություններում

Նոր էջ է բացվում Հայաստան-Կատար հարաբերություններում: Այս երկիր պաշտոնական այցի արդյունքներն այսպես է ամփոփել Հայաստանի նախագահն ու ընդգծել՝ քաջալերելու է, որ երկկողմ հարաբերությունները շատ ակտիվ զարգանան:

Արմեն Սարգսյանի խոսքով՝ այցը բավականին ինտենսիվ էր, արդյունքները՝ պարզ: Գլխավոր ձեռքբերումը՝ երկու երկրի միջեւ մուտքի արտոնագրերի վերացումն է, իսկ այն, ըստ նախագահի, կնպաստի, որ զբոսաշրջությունը, գործարար կապերը շատ արագ զարգանան:

Արդյունավետ էր նաեւ հանդիպումը շեյխուհի Մոզայի հետ, որը, Սարգսյանի խոսքով, ունի տեսլական՝ մասնավորապես գիտության ու կրթության զարգացման ուղղությամբ:

Կատարում շատ հետաքրքրված են նոր տեխնոլոգիաներով, հսկայական գումարներ են տրամադրում այդ ոլորտի զարգացմանը, իսկ Հայաստանն ունի ներուժ, որը կարող է դառնալ այդ արդյունաբերության հիմքը: Արմեն Սարգսյանը համագործակցելու հնարավորություն է տեսնում նաեւ սննդի անվտանգության ոլորտում:

Հայաստանի նախագահը Կատարի ղեկավարին եւ շեյխուհի Մոզային Հայաստան է հրավիրել՝ մասնակցելու մեր երկրում անցկացվելիք միջազգային մի քանի կոնֆերանսների: Դրանցից են «Մտքերի հայկական գագաթաժողովը»՝ հաջորդ տարվա հունիսին, նաեւ գիտության, տեխնոլոգիաների եւ տիեզերքի փառատոնին՝ STAR-MUS-ին:

*

*