Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի

Նոյեմբերի 3-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին
nalbandyan-shtanmayer

Նոյեմբերի 3-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին. տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունը։

Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին Բեռլինում՝ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կարևորեց հայ-գերմանական բարեկամական հարաբերությունների զարգացման նպատակով բարձրաստիճան պարբերական փոխայցերը:

Նախարար Նալբանդյանն իր հերթին նշեց, որ յուրաքանչյուր հանդիպում նոր լիցք է հաղորդում հաստատված ջերմ հարաբերություններին և նպաստում է համագործակցության նոր ուղիների նախանշմանը:

Զրուցակիցները հանգամանալից քննարկեցին տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության ամրապնդմանն ուղղված քայլերը:

Էդվարդ Նալբանդյանը և Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը մտքեր փոխանակեցին զարգացման համագործակցության շրջանակներում ընթացող փոխգործակցության շուրջ: Նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Գերմանիայի կառավարության կողմից Հայաստանում ընթացող բարեփոխումներին ցուցաբերվող աջակցությունը:

Կողմերն անդրադարձան միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցերի: Քննարկվեց իրավիճակը Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Սիրիայում, մտքեր փոխանակվեցին փախստականների հոսքի և նրանց ինտեգրման հետ կապված հարցերի շուրջ:

Հանդիպմանը քննարկվեցին Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանն առնչվող հարցեր։

ԵԱՀԿ-ում գերմանական նախագահության համատեքստում մտքեր փոխանակվեցին կազմակերպության օրակարգային հարցերի, Համբուրգի նախարարական խորհրդի նախապատրաստական աշխատանքների շուրջ։

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի համատեքստում Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի ուշադրությունը հրավիրեց առ այն, որ Ադրբեջանը հրաժարվում է կյանքի կոչել հիմնահարցի հանգուցալուծման գործընթացի առաջ մղման նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանն ուղղված` Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները, ավելին` շարունակում է սրել իրավիճակը Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի սահմանին։

Նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց ԵԱՀԿ գերմանական նախագահության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին։ Զրուցակիցները համակարծիք էին, որ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:

*

*