«Հայաստանն անվտանգության սպառողից վերածվում է անվտանգություն մատակարարողի». Նալբանդյան

Նալբանդյանն ընդունել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալին
nalbandyan-nato-texakal

Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 18-ին ընդունել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերին:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ 25 տարի առաջ Հայաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև հարաբերությունների հաստատումից ի վեր, երկկողմ փոխգործակցությունը աճել ու համալրվել է նոր բովանդակությամբ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալը ընդգծեց, որ հարաբերությունների քառորդդարյա ժամանակահատվածում Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև ձևավորվել են գործընկերային հարաբերություններ՝ նշելով, որ երկկողմ համագործակցությունը բխում է երկկողմ շահերից:

Երկուստեք կարևորվեց Հայաստանի շարունակական ներդրումը միջազգային խաղաղության ու կայունության հաստատման՝ ՄԱԿ-ի և ՄԱԿ-ի հովանո ներքո իրականացվող հավաքական ջանքերում: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը շնորհակալություն հայտնեց խաղաղապահ գործողություններում Հայաստանի արժեքավոր ներդրման համար։

Այս համատեքստում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ Հայաստանը, ունենալով անվտանգային լուրջ մարտահրավերներ, իր նպաստն է բերում աշխարհի այլ կետերում անվտանգության ու կայունության պահպանման և ամրապնդման գործին՝ անվտանգության սպառողից վերածվելով անվտանգություն մատակարարողի:

Հանդիպումից հետո Էդվարդ Նալբանդյանն ու Ռոուզ Գոթեմյոլլերը հանդես եկան մամուլի համար հայտարարություններով:

*

*