Այսօր կարելի է ասել, որ գնդակը գտնվում է Թուրքիայի դարպասում. Էդվարդ Նալբանդյան

Ստացվում է, որ Թուրքիան չի կարողանում լսել և ըմբռնել, թե ինչ է ասում միջազգային հանրությունը
eduard-nalbandyan

Թուրքիան հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման նախապայմանների շղարշի տակ փորձում  կոծկել իր անկարողությունը: «Օրակարգից դուրս» հաղորդաշարին տված հարցազրույցում նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Սա է իրականությունը: Եթե այս վերջին ութ տարիների ընթացքում, բոլորը, միջազգային հանրությունն ասում էր, որ գնդակը գտնվում է Թուրքիայի դաշտում, ապա այսօր կարելի է ասել, որ գնդակը գտնվում է Թուրքիայի դարպասում»,-նշել է ՀՀ ԱԳ նախարարը:

Նալբանդյանն այն կարծիքին է, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմամբ Հայաստանը,  իհարկե, հաջողություն արձանագրել է. եթե ոչ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման իմաստով (չնայած այն, ինչ արվել է, մի օր դրա հիման վրա հնարավոր կլինի շարունակել), բայց միգուցե, եթե թուրքական կողմը կարողանա գնալ իսկապես առանց նախապայմանների և տրամադրված լինի հավասարը հավասարի հետ բանակցություններ վարել, ինչպես որ եղան այս բանակցությունները, որովհետև առաջին անգամ պատմության մեջ, Թուրքիան Հայաստանին չէր պարտադրում ինչ-որ բան, այլ Հայաստանն էր առաջարկել՝ ինչի հիման վրա բանակցել: «Թուրքական կողմն այս բանակցությունները վարում էր հենց մեր առաջարկությունների հիման վրա և վերջում եկավ, ստորագրեց այդ արձանագրությունները բազմաթիվ երկրների արտաքին գործերի նախարարների՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Եվրամիության, Եվրախորհրդի ներկայացուցիչների, հարյուրավոր լրատվամիջոցների ներկայությամբ, բայց հաջորդ օրը սկսեց հետքայլ անել: Այսինքն` Հայաստանը մնաց իր բարձունքի վրա և սա նաև ավելացրեց մեր նկատմամբ վստահությունը, մեր հեղինակությունը միջազգային հանրության աչքերում: Իսկ ի՞նչ ստացավ Թուրքիան: Եթե Թուրքիան չի կարողանում հարգել ձեռք բերված պայմանավորվածությունը, հենց իր կողմից ստորագրված համաձայնագրերը, ապա ինչպիսի՞ վստահություն կարող է լինել այդ երկրի նկատմամբ, ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունների իմաստով:

Ստացվում է, որ Թուրքիան չի կարողանում լսել և ըմբռնել, թե ինչ է ասում միջազգային հանրությունը: Եվ շատ անգամ հայտնվում է մենախոսության իրավիճակում, և այդ մենախոսությունը գցում է նյարդային վիճակի մեջ, որ այսպիսի հայտարարություններ են անում»,- եզրափակել է Էդվարդ Նալբանդյանը:

*

*