«Եռանախագահների ոչ ստանդարտ հայտարարությունը հստակ մատնանշում է մեղավոր կողմին»

Նալբանդյանն անդրադարձել է համանախագահների հայտարարությանը:
eduard-nalbandyan

Մայիսի 19-ին աշխատանքային այցով Կիպրոսում գտնվող Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին։

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը քննարկվել են Եվրոպայի խորհրդում Հայաստանի ներգրավվածությանը առնչվող մի շարք հարցեր։

ԵԽ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը։ Էդվարդ Նալբանդյանը Թորբյորն Յագլանդին ներկայացրել է Հայաստանում ապրիլին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Բաքուն անում է ամեն հնարավորը՝ խաղաղության գործընթացը խաթարելու ուղղությամբ.

«Հակառակվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների և միջազգային հանրության հետևողական պահանջներին՝ խստորեն պահպանելու հրադադարի ռեժիմը, Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել եռակողմ անժամկետ զինադադարի համաձայնագրերը»,- ասել է նա։

Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանը մշտապես կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին անվանական մատնանշել զինադադարի ռեժիմի խախտման համար պատասխանատու նախահարձակ կողմին։

«Մերժելով հետաքննության մեխանիզմի ստեղծումը՝ Ադրբեջանը ցանկանում է խույս տալ իր կողմից զինադադարի պարբերական խախտումների պատասխանատվությունից, սակայն եռանախագահների երեկ տարածած ոչ ստանդարտ հայտարարությունը հստակ կերպով մատնանշում է մեղավոր կողմին», — շեշտել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

*

*