Նալբանդյան` ՀՀ-ն շարունակում է հավատարիմ մնալ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին: Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, նախարար Նալբանդյանը մասնավորապես նշել է.

«Տիկին գլխավոր քարտուղար,

Տիկին նախագահ,

Հարգելի գործընկերներ,

շատ հաճելի է նախորդ տարի երևանյան հանդիպումից հետո այսօր ձեզ տեսնել այստեղ՝ Անտանանարիվուում՝ նախարարական համաժողովի համար այնքան արժանի վայրում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել արտգործնախարարների խորհրդի նախագահին և Մադագասակարի իշխանություններին՝ մեզ ցուցաբերած ջերմագույն ընդունելության համար: Ես մեծ ուշադրությամբ ունկնդրեցի տիկին գլխավոր քարտուղարի կողմից ներկայացված զեկույցը: Անտանանարիվուի հռչակագրի նախագիծը, որը կներկայացվի մեր պետությունների և կառավարությունների ղեկավարների ուշադրությանը, հստակ կերպով մատնանշում է մեր առջև ծառացած մարտահրավերները և ուրվագծում առաջիկա երկու տարիների ընթացքում Ֆրանկոֆոնիայի կողմից իրականացվելիք գործողությունների բավականին հավակնոտ մի ճանապարհ: Կազմակերպության քաղաքական օրակարգի կենտրոնում պետք է լինեն մեր հասարակությունների առջև ծառացած մարտահրավերները, ինչպիսիք են՝ ճգնաժամերի կարգավորումը, զարգացման անհավասարությունների հաղթահարումը, անհանդուրժողականության երևույթների կանխարգելումը, կլիմայական փոփոխությունների բացասական հետևանքների դեմ պայքարը: Այս առումով հարկավոր է հետամուտ լինել, որպեսզի առաջարկվող լուծումները հենվեն մեր հիմնարար արժեքների համակարգի վրա՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, համերաշխության և բազմազանության: Առկա մարտահրավերներն ու ճգնաժամերն առաջնային են դարձնում միջազգային մարդասիրական իրավունքը հարգելու հրամայականը։

Հանդուրժողականության ու երկխոսության մշակույթը մշտապես խթանման կարիք ունեն: Այս համատեքստում բարձր ենք գնահատում ՖՄԿ գլխավոր քարտուղարի նպատակասլաց ջանքերը, որոնք ուղղված են Ֆրանկոֆոնիայի արժեքների առաջ մղմանը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային տարբեր գործընկերների հետ համագործակցաբար՝ ճգնաժամերի ու հակամարտությունների խաղաղ կարգավորմանը նպաստելուն։ Ֆրանկոֆոն տարածաշրջանում խաղաղության և կայունության համար պայքարը պետք է շարունակի մնալ մեր կազմակերպության առանցքային առաջնահերթություններից: Սա նաև այն է, ինչին Հայաստանը ձգտում է Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության կարգավորման գործընթացում: Ինչպես գիտեք, 2016թ․ ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ռազմական հարձակումը հանգեցրեց բազմաթիվ զոհերի և խաթարեց Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Միսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացը:

Մենք շնորհակալ ենք Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարին՝ բոլոր կողմերին ուղղված՝ 1994թ. կնքված զինադադարը հարգելու, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և հարատև լուծման վերաբերյալ կոչերի համար՝ ի հավելումն Կինշասայի և Դաքարի գագաթաժողովներին Ֆրանկոֆոնիայի պետությունների և կառավարությունների ղեկավարների կողմից այս հիմնախնդրի վերաբերյալ ընդունված հայտարարարություններին: Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ այս հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ հիմնված Միսկի խմբի համանախագահների կողմից որպես անբաժանելի միասնություն առաջարկված սկզբունքների վրա, հատկապես նրանց, որոնք առնչվում են ուժի և ուժի սպառնալիքի չկիրառմանը, տարածքային ամբողջականությանը, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքին՝ որպես այս հակամարտության հավասարակշռված և հարատև հանգուցալուծման հիմք:

Մեր հասարակությունների առջև ծառացած սպառնալիքների թվում չենք կարող չհիշել ահաբեկչության չարիքը, որը սպառնում է մեր անդամ երկրների մի մասին: Ֆրանկոֆոն ընտանիքը պետք է մոբիլիզացված մնա ահաբեկչության դեմ տարվող պայքարում: Տիկին գլխավոր քարտուղար, շնորհակալ ենք այս ուղղությամբ Ձեր կողմից նախաձեռնած լուրջ քայլերի համար: Արժևորում ենք Ձեր գործունեությունը՝ ուղղված երիտասարդությանը Ֆրանկոֆոնիայի մարդասիրական գաղափարների շուրջ համախմբելուն և մեր կազմակերպության գործունեության մեջ նրանց առավել ներգրավմանը: Այս առթիվ ցանկանում եմ գոհունակությամբ նշել, որ 2015թ․ հոկտեմբերին Երևանում կայացած նախարարական համաժողովը հանդիսացավ նմանօրինակ մի նախաձեռնության հիմք՝ ընդունելով բանաձև՝ Ֆրանկոֆոնիայի հաստատությունների գործունեությանը երիտասարդության մասնակցության մասին:

Տիկին գլխավոր քարտուղար,

Տիկին նախագահ,

Հարգելի գործընկերներ,

եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի հանձառությունը՝ շարունակելու ակտիվ ներգրավվածությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում՝ համագործակցության և երկխոսության այս տարածքում, որի հիմքում է Ֆրանկոֆոնիայի հարստություն հանդիսացող բազմազանությունը և համերաշխությունը:

Շնորհակալություն»:

*

*