Պարզ է, թե ով է հարձակվել. Նալբանդյանը՝ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մասին

«Հուսով ենք, որ եռանախագահներն հետևողական կլինեն` անհապաղ խստորեն արձագանքելու...»
edvard-nalbandyan

Հայաստանը հուսով է, որ եռանախագահներն հետևողական կլինեն` անհապաղ խստորեն արձագանքելու հակամարտության գոտում ուժի կամ ուժի սպառնալիքի յուրաքանչյուր դրսևորմանը` հատկապես, երբ հրադադարի խախտման արդյունքում զոհեր են լինում: Չպետք է թույլ տալ, որ ուշացած արձագանքը խախտումներ իրականացնողի կողմից ընկալվի, թե իր գործողությունները կարող են հանդուրժվել։ Այս մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

-Ինչպե՞ս կմեկնաբանեք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների երեկ տարածված հայտարարությունը հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական դիվերսիոն հարձակման փորձի վերաբերյալ:

— Համանախագահները անդրադառնում են նրան, ինչի մասին մենք մշտապես հետևողականորեն բարձրաձայնում ենք: Համաձայն ենք նրանց հետ, որ հրադադարի խախտումներն անընդունելի են: Համաձայն ենք, որ պետք է անվերապահ իրականացվեն Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները, ներառյալ, ինչպես նշում են համանախագահները, հնարավորինս կարճ ժամանակահատվածում ներդրվի միջադեպերի հետաքննության մեխանիզմը: Եռանախագահ երկրները բազմիցս են նշել, թե որ կողմն է մերժում մեխանիզմի ներդրումը, հետևաբար, հենց այդ կողմի վրա է ընկնում միջադեպերի և զինադադարի խախտումների ողջ պատասխանատվությունը։ Նման մեխանիզմը հնարավորություն կընձեռնի, ինչպես համանախագահներն են ասում, ձերբազատվել փոխադարձ մեղադրանքներից: Թեև երբ ադրբեջանական դիվերսանտը վնասազերծվում է հայկական դիրքերում՝ բոլորի համար, առանց մեխանիզմի էլ պարզ է, թե ով է հարձակվել:

Հուսով ենք, որ եռանախագահներն հետևողական կլինեն` անհապաղ խստորեն արձագանքելու հակամարտության գոտում ուժի կամ ուժի սպառնալիքի յուրաքանչյուր դրսևորմանը` հատկապես, երբ հրադադարի խախտման արդյունքում զոհեր են լինում: Չպետք է թույլ տալ, որ ուշացած արձագանքը խախտումներ իրականացնողի կողմից ընկալվի, թե իր գործողությունները կարող են հանդուրժվել։ Ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են բազմիցս շեշտել՝ 1994-1995թթ զինադադարի եռակողմ համաձայնագրերի անվերապահ կատարումը պարտադիր է, դրանց խախտումների հետևանքով արձանագրված միջադեպերը անընդունելի են և լուրջ վնաս են հասցնում կարգավորման գործընթացին: Այն պայմաններում, երբ Ադրբեջանը խոչընդոտում է հետաքննության մեխանիզմի ներդնումը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնումը, համանախագահները մնում են այն եզակի ձևաչափը, որն իր մանդատի համաձայն կարող է և պետք է շարունակի իր կանխարգելիչ գործունեությունը:

*

*