Նալբանդյանն արձագանքել է Դավութօղլուի աղմկահարույց հայտարարությանը

Թուրքիայի վարչապետը բացահայտ ասում է, որ Ցեղասպանության վերաբերյալ իրենց նախկին վարկածը շինծու է։
edvard-nalbandyan-cexaspanutyun-turqia

«Թուրքիայի վարչապետը բացահայտ ասում է, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ նախկինում իրենց կողմից շրջանառվող վարկածը, թե իբր պատերազմ էր, պատերազմական գործողությունների տրամաբանության շրջանակի մեջ էր հայերի հետ կատարվածը, շինծու է։

Պաշտոնական Անկարան հրապարակայնորեն հայտարարում է, որ, փաստորեն, հայերի դեմ իրագործված ցեղասպանությունը միտումնավոր և ծրագրված է եղել՝ պատճառաբանությամբ, որ հայերը համագործակցում էին ռուսների հետ։ Եվ այսօր նույնանման սպառնալիք է ուղղվում քրդերի հասցեին։ Միջազգային հանրության համար սա լրջագույն ահազանգ է, թե ինչ կարող է կատարվել նաև քրդերի նկատմամբ»,- այսօր ԵՊՀ-ում հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։

ԱԳ նախարարն այսօր մայր բուհում մասնակցել է գիտական խորդհրդի նիստի, ելույթ ունեցել եւ պատասխանել նաեւ ներկաների հարցերին։

«Ի՞նչ գնահատական կտաք Թուրքիայի վարչապետի հայտարարությանը, թե քրդերը, ինչպես ժամանակին հայկական «ավազակախմբերը», համագործակցում են ռուսների հետ, ու դրանով հիմնավորում քրդերի դեմ իրականացվող գործողությունները» հարցին ի պատասխան Նալբանդյանը նաեւ նշել է.

«Մարդկության դեմ հանցագործությունների պատմությունն ունի բազմաթիվ ընդհանրություններ: Դրանցից մեկը զոհին վարկաբեկելն է, որպես դավաճան և անարժան պիտակավորելը։ Նրանց նկատմամբ հալածանքները, սպանությունները դահիճների հիվանդ երևակայության մեջ արդարացված են:

«Պատասխանատվությունը ընկնում է առաջին հերթին հենց հայերի վրա, որոնց Ռուսաստանը դրդեց դուրս գալ մեր դեմ». սրանք Թուրքիայի վարչապետի խոսքերն են, սակայն ոչ թե 21-րդ դարասկզբի` Ահմեդ Դավութօղլուի, այլ 20-րդ դարասկզբի` Հայոց ցեղասպանության պարագլուխներից մեկի` Թալեաթ փաշայի: Ակնհայտ է, որ հարյուր տարվա ընթացքում Թուրքիայի իշխանական վերնախավում շատ բան չի փոխվել:

Այստեղ տեղին է հիշել եվրոպական ականավոր գործչի թևավոր դարձած խոսքերը՝ «Սեփական մտքի գոհարները թաքցնելու լավ առիթը բաց թողնվեց՝ հերթական անգամ ցույց տալով, թե ժպտացող դիմակների տակ ինչ է թաքնված»։

 

*

*