Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևային: Հանրապետության նախագահը, ողջունելով հյուրին մեր երկրում, նշել է, որ հումանիտար համագործակցության հարցերը, այդ թվում՝ կրթության և գիտության ոլորտներում կարևոր տեղ են զբաղեցնում հայ-ռուսական ռազմավարական գործընկերության օրակարգում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ նախարարի այցը նոր ազդակ կհաղորդի այդ համագործակցությանը:
ՌԴ նախարարը Հանրապետության նախագահին տեղեկացրել է իր այցի շրջանակներում հայ գործընկերոջ հետ ունեցած քննարկման արդյունքները, ընդգծելով, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցության ընդլայնման նպատակով հումանիտար մասնագիտությունների գծով կրթությունից բացի աշխատանք տանել և փորձի փոխանակում իրականացնել ինժեներատեխնիկական մասնագիտությունների զարգացման ուղղությամբ:
Այդ համատեքստում նախարար Վասիլևան հիացմունքով է խոսել Հայաստանի հանրակրթական դպրոցներում տարրական դասարաններից սկսած շախմատը՝ որպես պարտադիր ուսումնական առարկա դասավանդելու մասին, որը զգալիորեն նպաստում է այդ երեխաների շրջանում մաթեմատիկայի իմացության մակարդակի բարձրացմանը, ինչի վկայությունն են, ըստ նախարարի, մաթեմատիկայի գծով համաշխարհային առարկայական օլիմպիադաներում վերջին տարիներին Հայաստանի աշակերտների արձանագրած հաջողությունները: ՌԴ կրթության և գիտության նախարարը նշել է, որ անելու է ամեն հնարավորը՝ այդ պրակտիկան Ռուսաստանի հանրակրթական դպրոցներում ևս կիրառելու համար: