ՀՀ նախագահ․ «Չափազանց կարեւոր է կողմերի միջեւ երկխոսության մեկնարկը»

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարություն է տարածել․

«Երեկ, ապրիլի 24-ին, մեր ողջ ժողովուրդը, համաշխարհային հանրության հետ միասին, ոգեկոչեց մեր Սուրբ նահատակների հիշատակը՝ դրսեւորելով ազգային համերաշխության եւ միասնության օրինակ:

Այսօր նույնպես, առավել քան երբեւէ, մենք պետք է լինենք միասնական եւ համախումբ: Քաղաքացիական շարժումը, որի մեջ ներգրավված է հատկապես երիտասարդությունը, նոր հնարավորություններ է բացում Հայաստանի քաղաքական կյանքի առողջացման եւ ժողովրդավարության խորացման ուղղությամբ: Այն կբարձրացնի Հայաստանի եւ հայ ժողովրդի հեղինակությունն աշխարհում, եթե մենք կարողանանք ճիշտ եւ կշռադատված լուծումներ գտնել:

Այդ իմաստով չափազանց կարեւոր է կողմերի միջեւ երկխոսության մեկնարկը: Ծանոթ եմ այսօր առավոտյան նախատեսված բանակցությունները դադարեցնելու մասին քաղաքացիական շարժման առաջնորդ ՆիկոլՓաշինյանի եւ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հայտարարություններին եւ արտահայտված դիրքորոշումներին:

Ափսոսանք եմ հայտնում, որ բանակցությունները ընդհատվել են:

Երկիրը եւ մեր երիտասարդ ժողովրդավարությունը գտնվում են լուրջ քննության առջեւ:

Մտահոգ ստեղծված դրությամբ՝ այսօրվանից սկսում եմ խորհրդակցություններ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու երկրում ստեղծված վիճակը եւդրանից դուրս գալու ուղիները:

Հուսով եմ, համատեղ ջանքերով մեզ կհաջողվի փոխըմբռնման ոգով գտնել հնարավոր հանգուցալուծման ուղիները»:

 

*

*