Մուրադ Իսմայել. «Հայոց ցեղասպանությունը պատշաճ չդատապարտելը հիմք ստեղծեց եզդիների ջարդերի համար»

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի շրջանակներում նման տեսակետ արտահայտեց ԱՄՆ­-ում գործող «ՅԱԶԴԱ»...
avrora

Միջազգային հանրության ամոթն է, որ հարյուր տարուց ավելի անց էլ ժխտվում է Հայոց ցեղասպանությունը, որին մեկուկես միլիոն մարդ է զոհ գնացել, հարյուր հազարավորներն էլ կրել են ցեղասպանության հետևանքներն իրենց հետագա կյանքի ընթացքում:

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի շրջանակներում «Արմենպրես»-­ի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց ԱՄՆ­-ում գործող «ՅԱԶԴԱ» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն և կառավարման խորհրդի անդամ Մուրադ Իսմայելը:

«Դեռ ողջ միջազգային հանրությունը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, որն անհրաժեշտ է կորսված հոգիների, ցեղասպանության դաժանությունը վերապրած մարդկանց առջև հարգանքից ելնելով: Բացի այդ` եթե Հայոց ցեղասպանությունը ճանաչվեր ու դատապարտվեր, Հոլոսքոստը, Կամբոջայում ու Հարավսլավիայում ցեղասպանություններ տեղի չէին ունենա: Եթե միջազգային հանրությունը ի վիճակի լիներ հստակ պատասխան տալու այդ ամենին, 2014 թվականին եզդիների ցեղասպանությունը տեղի չէր ունենա, ի վերջո»,-­ասաց Մուրադ Իսմայելը:

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանությունը ժխտելու Թուրքիայի հետևողական քայլերին, ապա Մուրադ Իսմայելի խոսքով` թուրքական կառավարությունը պետք է ընդունի իրականությունն ու առերեսվի պատմությանը, վերջապես ճիշտը խոսի:

«Սա հարյուր տարի առաջ է տեղի ունեցել, բայց ճանաչումն այսօր կարևոր է հայերի համար ու այլ մարդկանց համար որպես մարդկային ողբերգություն: Մենք կարծում ենք, որ Թուրքիայի դիրքորոշումը պետք է լինի իրողության ընդունումը, որ հայերի ու այլ փոքրամասնությունների նկատմամբ ցեղասպանություն է իրագործվել 20-­րդ դարասկզբին: Քանի որ Հայոց ցեղասպանության տարիներին սպանվել են նաև եզդիներ»,­- հավելեց եզդի հասարակական գործիչը:

Ադրադառնալով հայ հասարակության շրջանում եզդիների ցեղասպանության վերաբերյալ իրազեկվածությանը` Մուրադ Իսմայելը նկատեց, որ պաշտոնական շրջանակները բավականաչափ տեղեկացված են, ինչին իրենք ականատես են եղել նրանց հետ հանդիպումներում:

«Բայց մենք կարծում ենք, որ հայ ժողովուրդն այնքան էլ տեղյակ չէ եզդիների ցեղասպանության մասին: Եվ այս համաժողովը լավ առիթ է դրա մասին խոսելու ու ասելու, որ մեկ օրում 3­4 հազար եզդի սպանվեց Իրաքում, այդ թվում` ծերեր, երեխաներ, կանայք, տեղաշարժման դժվարություններ ունեցող անձինք, ովքեր չէին կարողացել փախչել իրենց տներից»,­- շեշտեց մեր զրուցակիցը:

Նա հայտնեց, որ Նադիան (եզդիական կրոնական փոքրամասնությունների նկատմամբ ԻԼԻՊ­-ի կողմից իրականացված վայրագությունների վերապրած) գլոբալ ֆորումի ժամանակ Երևանում խոսելու է եզդիների ապրած ցավի մասին մասին:

«Նա այստեղ է ասելու, որ մենք կիսում ենք հայերի ողբերգության ցավը, բայց նաև շեշտելու, որ մեր վերքերը թարմ են ու մենք ձեր կարիքն ունենք կանգնելու մեր ժողովորդի կողքին` հանելու նրանց այս վիճակից»,- ­հավելեց Մուրադ Իսմայելը:

Նադիա Մուրադ Բասեե Տահան մարդու իրավունքների եզդի պաշտպան է: Նա առևանգվել է ԻԼԻՊ-­ի կողմից՝ հազարավոր այլ աղջիկների և կանանց հետ միասին, երբ 2014թ. օգոստոսին գերազանցապես եզդիաբնակ Շինգալ քաղաքն ընկել էր ԻԼԻՊ-­ի իշխանության տակ: Նրան հաջողվել է փախչել գերությունից և ճամփորդել աշխարհով մեկ՝ եզդիական կրոնական փոքրամասնությունների նկատմամբ ԻԼԻՊ-­ի կողմից իրականացված վայրագությունների վրա լույս սփռելու նպատակով: Նա մասնակցում է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին:

*

*