Մուկուչյանն առաջադրվել է ԿԸՀ նախագահի պաշտոնում

Ազգային ժողովն այսօր 78 կողմ, 19 դեմ ձայների հարաբերակցությամբ երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է Հարկային օրենսգիրքը:

Ազգային ժողովն այսօր 78 կողմ, 19 դեմ ձայների հարաբերակցությամբ երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է Հարկային օրենսգիրքը: Քվեարկությունից առաջ վարման կարգի վերաբերյալ ելույթ են ունեցել ընդդիմադիր պատգամավորները, դժգոհել, որ նոր Հարկային օրենսգիրքը որեւէ կերպ չի նպաստելու Հայաստանի զարգացմանը:

Քվեարկությունից հետո խորհրդարանականները սկսել են քննարկել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում քաղաքական մեծամասնությունն առաջադրել է Տիգրան Մուկուչյանի թեկնածությունը: Պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը հայտնել է, որ Սահմանադրության համաձայն՝ այսուհետ Կենտրոնական հանձնաժողովի նախագահին եւ անդամներին նշանակելու է Ազգային ժողովը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի թեկնածու Տիգրան Մուկուչյանն իր ելույթում ընդգծել է, որ հանձնաժողովը ձեւավորվում է ընտրական գործընթացների առումով բավականին բարդ ժամանակահատվածում: Հիշեցրել է, որ ընտրական գործընթացի կազմակերպման առումով վերջերս ընդունված «Ընտրական օրենսգրքում» որդեգրվել են նոր մոտեցումներ:

«Բավական է նշել, որ նոր Ընտրական օրենսգրքի ընդունումը ենթադրում է շուրջ 5 տասնյակ նոր որոշումների ընդունում՝ իրավահարաբերությունների ամբողջական կարգավորում իրականացնելու համար: Այդ որոշումների մի մասն արդեն ընդունվել է, մյուս մասը պետք է ընդունվի հնարավորինս կարճ ժամկետներում, որպեսզի ընտրական գործընթացի մասնակիցները բավարար ժամանակ ունենան նոր կարգերին ծանոթանալու համար»,-իր ելույթում ասել է Մուկուչյանը:

*

*