Հայաստանն իրանցի գործընկերների հետ վարում է անկեղծ ու բաց երկխոսություն

Մոհամմադ Ջավադ Զարիֆին ընդունել է ՀՀ նախագահը
serj-iran-agn

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 28-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին:

Նախագահ Սարգսյանը մեկ անգամ ևս իր զորակցությունն է հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին ավերիչ երկրաշարժի հետևանքով կրած վնասների կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ Իրանը կարճ ժամանակում կվերացնի աղետի հետևանքները:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանն իրանցի գործընկերների հետ մշտապես վարում է անկեղծ ու բաց երկխոսություն և շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ արտգործնախարար Զարիֆը Սերժ Սարգսյանին է փոխանցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի ջերմ ողջույնները։
Իրանի արտգործնախարարը շեշտել է, որ իր երկրի համար հարևան պետությունների հետ հարաբերությունների զարգացումը արտաքին քաղաքական առաջնահերթություններից է, և Հայաստանը Իրանի համար մշտապես եղել է շատ լավ հարևան:

Հանդիպմանը նախագահ Սարգսյանը և արտգործնախարար Զարիֆը գոհունակությամբ են խոսել նաև միջազգային կառույցներում երկու երկրների փոխգործակցության մասին:

*

*