Մոգերինին պատրաստ է սատարել հակամարտության գոտում վստահության ամրապնդման միջոցառումների իրականացմանը

Սերժ Սարգսյանը մայիսի 16-ին Վիեննայում հանդիպում է ունեցելՖեդերիկա Մոգերինիի հետ:
mogerini

Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 16-ին Վիեննայում հանդիպում է ունեցել Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ:

Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանի զարգացումներին և անվտանգությանը սպառնացող ներկայիս մարտահրավերներին վերաբերող հարցեր: Այդ համատեքստում հանգամանալից անդրադարձ է եղել ԼՂ սահմանին անցյալ ամսվա սկզբին հրադադարի կոպիտ խախտման հետևանքով առաջացած լարվածության աճին և ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավորություններին:

Նախագահ Սարգսյանը, ներկայացնելով հայկական կողմի դիրքորոշումը բանակցային գործընթացի վերսկսման վերաբերյալ, կարևորել է 1994թ. հրադադարի և 1995թ. հրադադարի ռեժիմի ամրապնդման միջոցառումների համաձայնագրերի անվերապահ կատարման անհրաժեշտությունը, որպես խնդրի կարգավորման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը նպատակաուղղված առաջին քայլ:

Ֆ. Մոգերինին վերահաստատել է ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների ջանքերին և պատրաստակամություն հայտնել սատարելու հակամարտության գոտում վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման հարցում:

Այդ առումով հայկական կողմը կարևորել է ԵՄ ներկայացուցիչների այցելությունները հակամարտությունից տուժած շրջաններ:

Հույս է հայտնվել, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների նախաձեռնությամբ Վիեննայում այսօր կայանալիք հանդիպումները կնպաստեն ստեղծված իրավիճակի հաղթահարմանը, տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Հայաստան-Եվրամիություն երկկողմ հարաբերությունների օրակարգին, այդ թվում՝ առանձին ոլորտներում համագործակցությանը:

*

*