Ֆեդերիկա Մոգերինին ողջունել է Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների խաղաղ բնույթը

...վերահաստատելով ԵՄ պատրաստակամությունն աջակցելու Հայաստանում ընթացող բարեփոխումների գործընթացին։
zohrab-mnatsakanyan

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 21-ին հանդիպում ունեցավ Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Ողջունելով Զոհրաբ Մնացականյանին՝ ԵՄ Բարձր ներկայացուցիչը նշեց, որ հանդիպումը տեղի է ունենում ճիշտ ժամանակին՝ հնարավորություն ընձեռելով առաջին ձեռքից ծանոթանալու Հայաստանում ընթացող գործընթացներին, մտքեր փոխանակելու տարբեր հարցերի շուրջ դիրքորոշումների և մոտեցումների, առաջին հերթին` Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետագա զարգացման շուրջ։

Զոհրաբ Մնացականյանը կարևորեց Եվրոպական միության հետ ձևավորված սերտ գործընկերային համագործակցությունը և վերահաստատեց այն առավել ամրապնդելու Հայաստանի հանձնառությունը, ինչն ամրագրված է կառավարության ծրագրում։ Արտգործնախարարը արձանագրեց, որ Հայաստանի համար այս նշանակալի ժամանակահատվածում Գործընկերության խորհրդի նիստի գումարումը հնարավորություն է ընձեռում անմիջական մտքերի փոխանակում ծավալել Հայաստան-Եվրամիություն համագործակցության լայն օրակարգի շուրջ։ Նա նաև ընդգծեց, որ սա առաջին հանդիպումն է, որը Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո հանգամանալից անդրադարձ է կատարելու դրա դրույթների իրագործմանը։

ԵՄ բարձր հանձնակատարը ողջունեց Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների խաղաղ բնույթը՝ Սահմանադրության և օրենքների շրջանակներում՝ միաժամանակ վերահաստատելով ԵՄ պատրաստակամությունն աջակցելու Հայաստանում ընթացող բարեփոխումների գործընթացին։ Այս առնչությամբ նախարար Մնացականյանը կարևորեց Հայաստանի համագործակցությունը գործընկերների հետ՝ ներառյալ Եվրոպական միության՝ կառավարության բարեփոխումներին ուղղված գործողություններն արդյունավետորեն իրականացնելու ուղղությամբ։

ԱԳ նախարար Մնացականյանը և Բարձր հանձնակատար Մոգերինին վերահաստատեցին երկկողմ պատրաստակամությունը՝ ամրապնդելու և ընդլայնելու համապարփակ փոխգործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում՝ ընդգծելով, որ այս ուղղությամբ առաջնահերթությունները համընկնում են:

 

*

*