Արցախի ժողովրդի անվտանգությունն ենթակա չէ զիջման․ Զոհրաբ Մնացականյանի ելույթը ԵԱՀԿ համաժողովում

Մնացականյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման առանցքային խնդիրների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը:
mnacakanyan-bratislavia

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել Բրատիսլավայում ընթացող ԵԱՀԿ 26-րդ նախարարական համաժողովում:

ՀՀ ԱԳ նախարարը իր ելույթում ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման առանցքային խնդիրների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը:

«Երեկ իմ ադրբեջանցի գործընկերոջ  և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ անցկացրեցինք հերթական խորհրդակցությունները՝ թվով հինգերորդն այս տարվա ընթացքում: Այս առնչությամբ ցանկանում եմ ընդգծել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման առանցքային խնդիրների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը:

Առաջին. Հակամարտությունը, որը հասցեագրվում է միջազգային մանդատ և աջակցություն վայելող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, խաղաղ կարգավորմանն այլընտրանք չունի։

Երկրորդ. Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքը հանդիսանում է խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքը և հիմքը։ Այս սկզբունքի ճանաչումը  ենթադրում է, որ Արցախի վերջնական կարգավիճակի որոշումը չի կարող ենթարկվել որևէ սահմանափակման, ինչը պետք է հստակորեն և միանշանակորեն ընդունվի: «Առանց սահմանափակման» տերմինը պարզորոշ կերպով մատնանշում է Արցախի ժողովրդի իրավունքը ունենալ և որոշել իրենց կարգավիճակը՝ Ադրբեջանի իրավասությունից, ինքնիշխանությունից և տարածքային ամբողջականությունից դուրս: Ադրբեջանի կողմից որդեգրած շարունակական թշնամական  քաղաքականությունն ու դրանից բխող գործողությունները ստեղծում են Արցախի ժողովրդի համար էքզիստենցիալ ֆիզիկական անվտանգության սպառնալիք, ինչն արտահայտեց նաև 2016թ-ի ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված վերջին ագրեսիան. այս ամենն ընդգծում են Ադրբեջանի՝ Արցախի ժողովրդի նկատմամբ իրավասության պահանջի ոչ լեգիտիմությունը և իրականացման անհնարինությունը։

Ադրբեջանը պետք է ստանձնի Արցախում բնակվող ժողովրդի իրավական պարտադիր ուժ ունեցող ազատ կամարտահայտման միջոցով առանց որևէ սահմանափակման իրենց ինքնորոշման իրավունքի ճանաչման անմիջական պարտավորություն:

Երրորդ․ Արցախի ժողովրդի անվտանգությունն ենթակա չէ զիջման։ Ոչ մի պարագայում Արցախի ժողովուրդը չպետք է մնա առանց պաշտպանության համար անհրաժեշտ անվտանգության գծերի։ Չի կարող լինել որևէ իրավիճակ, որը ձևավորի Արցախի ժողովրդի էքզիստենցիալ անվտանգության անմիջական վտանգ, ինչպես դա եղավ 1991-1994 թվականներին և 2016թ.-ին: Այս միտքն առավել ընդգծելու նպատակով՝ ցանկանում եմ վկայակոչել Արցախի՝ ներկայումս Ադրբեջանի օկուպացիայի ներքո գտնվող տարածքներում ստեղծված իրավիճակը, որտեղ հայերը ենթարկվել են էթնիկ զտումների և որոնք այժմ լիովին վերաբնակեցված են ադրբեջանցիներով։ Այս իրականությունը վերջերս ներկայացվել է Ադրբեջանի ղեկավարության կողմից որպես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման լավ օրինակ։

Ամբողջությամբ՝ այստեղ։

*

*