Մի տեսակ մուննաթ եք գալիս. Արարատ Միրզոյանը` Պետրոսյանին

Պետրոսյանին դուր չեկան օրինագծի վերաբերյալ քննարկումները

ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանին դուր չէին եկել իրենց խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնող նախագծի վերաբերյալ պատգամավորների հարցադրումները, նա դրանցում  հեգնանք էր նկատել:

Սրան ի պատասխան՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը դժգոհեց Պետրոսյանի խոսելու տոնից, չհամաձայնեց պատգամավորի դիտարկումների հետ:

Պետրոսյանն ու Միրզոյանը ելույթներ ունեցան ԱԺ սեպտեմբերի 13-ի նիստում նախագծի քննարկմանը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը նախագծի քննարկման ընթացքում շեշտել էր, որ  առանց հեգնանքի ու հումորի իրեն մի հարց է հետաքրքրում: «Տնային պայմաններում մուկ որսալու կամ գիտահետազոտական պայմաններում առնետների ներարկումը նույնպես ներառվո՞ւմ է փաթեթի մեջ»,,-հետաքրքրվել էր պատգամավորը:

Զոհրաբյանը ի պատասխանեց արձագանքել էր, թե հասկանում է Փամբուխչյանի հումորը: «Ոչ, եթե ձեր տանը կա առնետ կամ մուկ, ու ձեր տարածքի հիգիենան պաշտպանելու համար ձեր կատուն որոշի մկանը բռնել, վստահեցնում եմ, որ այս օրենքի շրջանակում ոչ դուք, ոչ էլ ձեր կատուն չեք ենթարկվի ոչ տույժի, ոչ էլ քրեական պատասխանատվության»,-նշել էր Զոհրաբյանը:

Նույն խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը, ևս շեշտելով, որ հարցն առանց հումորի է, նշել էր, որ բազմաբնակարան շենքերի մոտ ապրող առնետներին թունավորելու տեսարանը ևս դաժան է, հետաքրքրվել էր՝ այդ դեպքում հարցն ինչպես է տեղավորվում առաջարկվող նախագծում:

Նախագծի վերաբերյալ հարցերից հետո ելույթների ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նշեց՝ կարծում է, որ այն հարցադրումները, որոնցից առաջ անգամ նշել են, որ դրանցում հումոր չկա, իրականում եղել են հումորային, ինքը դրանցում սատիրա է տեսել: «Շեղվել ենք նախագծի նպատակից: Աննախադեպ ակտիվություն է նկատվում»,-նշեց պատգամավորը:

Պետրոսյանը չհամաձայնեց պատգամավորների դիտարկումներին, թե օբյեկտիվ կողմի բոլոր դրսևորումները նկարագրված չեն նախագծում: «Մեկը կա՞, որ կարող է Քրեական օրենսգրքում այնպիսի դիսպոզիցիա ցույց տալ, որ օբյեկտիվ կողմի բոլոր դրսևորումները ներկայացված են: Եթե իսկապես ընդունում եք, որ Զոհրաբյանը ճիշտ թիրախ է դրել նախագծում, ապա եկեք մասնագիտական քննարկում անենք»,-ասաց նա:

Պետրոսյանը հորդորեց հարգանքով վերաբերել յուրաքանչյուր պատգամավորի օրենսդրական նախաձեռնությանը՝ նշելով, որ եթե այդպես «անուն դնեն», ոչ մի օրենքի նախագիծ չի կարող պսակվել հաջողությամբ:

Պատգամավորի ելույթից հետո արտահերթ ելույթ ունեցավ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: «Պարոն Պետրոսյան… Ես բարձրացված բոլոր հարցերի մեջ տեսնում եմ անկեղծ մտահոգություն՝ ընդունել խնդրի առարկման հնարավորինս լավ կարգավորող օրենսգիրք, որպեսզի չմնան բացեր: Ես չտեսա որևէ ծաղրանք: Այս ինչ կանխավարկած է տեսնել ծաղր, բոլորովին այդպիսի բան չկա»,-նշեց նա:

Միրզոյանը նաև ընդհանուր դիտարկում արեց Պետրոսյանի բոլոր ելույթների մասին: «Մի տեսակ մուննաթ եք գալիս, այստեղ բոլորն  էլ կարող են այդպիսի տոնով խոսել»,-ասաց Միրզոյանն ու հորդորեց պահպանել միմյանց նկատմամբ հարգանքը:

*

*