Ոչինչ գաղտնի չի արվել, և չեմ պատրաստվում ոչինչ թաքցնել․ Միքայել Մանուկյան

«Հաղթելու ենք, և ոչ ոք դրանում թող չկասկածի»
miqayel-manukyan

Yerkir.am-ի զրուցակիցն է Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում ՀՅԴ ցուցակը գլխավորող Միքայել Մանուկյանը:

-Պրն. Մանուկյան, երբ հայտնի դարձավ, որ Երևանի ավագանու ընտրություններում ՀՅԴ ցուցակը դուք եք գլխավորելու, «Ժամանակ» թերթում և ապա 1in.am կայքում  նյութ հրապարկվեց, որն ըստ էության, ամբողջովին զրպարտանք էր  Ձեր հասցեին: Արդյո՞ք չեք պատրաստվում դատի տալ թերթին և հոդվածի հեղինակին:

-Ես չգիտեմ լրագրողին, չգիտեմ նրա տարիքը: Երևի շատ երիտասարդ է, տեղյակ չէ այդ տարիների անց ու դարձին, հակադաշնակցական հիստերիային, տեղյակ չէ,  թե ինչ է եղել, և միգուցե ինչ-որ մարդկանց պատմելով` գայթակղվել և որոշել է «ցնցող» նյութ հրապարակել: Ինչ վերաբերում է դատի տալուն, միանգամից ասեմ՝ ոչ, չեմ պարտրաստվում, չեմ էլ ուզում մտածել դրա մասին:

— Ինչո՞ւ:

-Ես տեսել եմ այդ տարիներին ինչպես էին վարվել մամուլի հետ, ինչպես էին համակարգիչները  երրորդ հարկից ուղղակի շպրտում ներքևում կանգնած բեռնատարի մեջ, ինչպես էին փակում լրատվամիջոցները և ինչպես էին վարվում լրագրողների հետ: Ես այդ ամենը տեսել եմ, նա՝ հոդվածագիրը, չի տեսել, եթե նույնիսկ տեսել է ու չի հիշում, կամ իր մոտ հիշողության կուրացում է, դա չի նշանակում, որ ես պետք է միջոցներ ձեռնարկեմ և պատժեմ:

— Այսինքն՝  սիրո և հանդուրժողականության կողմնակից ե՞ք:

-Ես միշտ եմ հանդուրժող եղել, այո′, սերն էլ Աստծո պարգև է, ես սիրում եմ: Այնպես  որ,  թող մտածեն նրանք, ովքեր ստի, չարության քարոզով են զբաղված:

— Բայց Ձեր «սիրո և հանդուրժողականությանը», նրանք ատելության չափաբաժնի ավելացնելով, կարող են  վտանգավոր եզրագծի հասնել:

— Օրինակ:

— Օրինակ՝  ավելի կատաղի հարձակվեն Ձեր վրա: Իսկ եթե խնդիր է դրված կամ պատվիրված է Ձեզ վարկաբեկե՞լ…

-Չեմ ուզում հավատալ դրան, բայց եթե, ինչպես դուք եք ասում, շարունակվի, կմտածեմ այդ մասին:

-Բայց հոդվածում ակնհայտ մեղադրում են Ձեզ Համբարձում Գալստյանի սպանության գործում: Կարելի է կարծել, որ դա նաև հաղորդում է քրեական գործը վերաբացելու համար:

— Շատ եք լրաջացնում: Տեսեք, երկրում իրավիճակ է փոխվել, ու որոշ մարդիկ փորձում են այդ իրավիճակից օգտվել և իրենց մեջ հավաքած թույնը դուրս թափել` հասարակությանը շեղելու համար: Ես կառաջարկեի այդ թույնը ի պահ տան ինչ-որ տեղ և փորձեն իրենց գրիչը, իրենց հնարավորությունները օգտագործել երկրին օգնելու համար: Երկիրը լուրջ մարտահրավերների առաջ է, և ամենևին պետք չէ դրանք անտեսել, կամ ավելի ճիշտ՝ խորացնել: Անհանդուրժողականությունը, ատելությունը, այս համատարած հիստերիան մեզ  այլ տեղ է հասցնելու, որը  միայն ձեռնատու է մեր հակառակորդներին:

— Հոդվածագիրը Ձեզ մեղադրում է  սրճարան ունենալու մեջ:

-Բայց ո՞վ չգիտի, որ դա իմ սրճարանը չէ, այդտեղ ես ունեմ մասնաբաժին: Ավելին ասեմ, նաև «Մագնոլիա» սրճարանում ունեմ մասնաբաժին: Եթե այդ լրատվամիջոցը չգիտի, թող իմանա և հատկապես թող իմանա ինձնից, որ պատերի տակի խոսակցություններով հոդված չգրի: Սրճարանների գործունեությամբ ինքս երբեք չեմ զբաղվել, ես ընդամենը բաժնետերերից մեկն եմ: Իսկ որպես հավելյալ ինֆորմացիա, ասեմ, որ սրճարանի տարածքը տրամադրվել է  այն ժամանակ, երբ քաղաքապետը Վանո Սիրադեղյանն էր: Ոչինչ գաղտնի չի արվել, և չեմ պատրաստվում ոչինչ թաքցնել: Կարծում եմ` արժեր հոդված գրելուց առաջ հանդիպել ինձ հետ և զրուցել:

— Ձեզ չեն էլ զանգե՞լ:

— Ո′չ զանգել են, ո′չ էլ հանդիպել: Գրել են` ինչ լսել են կամ ոնց ուզել են:

— Իսկ ինչո՞ւ հենց հիմա հիշեցին այդ գործը:

-Ուրիշ էլ ի՞նչ հիշեն: Ժամանակներն են այդպիսին: Գուցե իմ՝ Երևանի քաղաքապետի թեկնածությունը, խմբագրի դուրը չի եկել:

— Գուցե Ձեր մրցակիցների՞ դուրը չի եկել:

-Չեմ ուզում դրան հավատալ: Կարծում եմ` իմ մրցակիցները, նույնիսկ կատակների սիրահար ՔՊ թեկնածուն, նման բան չէր անի: Վստահ եմ՝ պայքարը  ազնիվ է լինելու: Կողքից կլինեն նման մրոտողներ, բայց դա էլ կանցնի: Վերջիվերջո, ամեն ինչ անցողիկ է, վերջում իրար երեսի ենք նայելու չէ՞:

— Իսկ ինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերը:

— Շանսերս գերազանց են, ես երևանցի եմ, ծնվել, մեծացել եմ Երևանում և շատ լավ պատկերացնում եմ խնդիրները, դրանց լուծման ճանապարհները:

— Գերազանց, այսինքն…

— Հաղթելու ենք, և ոչ ոք դրանում թող չկասկածի:

*

*