Ռիչարդ Միլսը՝ Արփինե Հովհաննիսյանին. «Ինձ համար մեծ պատիվ էր Ձեզ հետ աշխատելը»

«Ես բարձր եմ գնահատում ԱՄՆ կառավարության համագործակցությունը ՀՀ արդարադատության նախարարության հետ»։
arpine-mils

Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսը շնորհավորել է Արփինե Հովհաննիսյանին ԱԺ փոխնախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեսպանի նամակում, մասնավորապես, ասված է.

«Ես բարձր եմ գնահատում ԱՄՆ կառավարության համագործակցությունը ՀՀ արդարադատության նախարարության հետ՝ Ձեր ղեկավարման ժամանակաշրջանում: Շնորհակալ եմ Ձեր նվիրվածության եւ հանձնառության համար, որով Դուք աջակցեցիք մեր ընդհանուր հետաքրքրությունների՝ կոռուպցիայի դեմ պայքարի, օրենքի գերակայության ու իրավապահ համակարգի բարելավմանն ուղղված աշխատանքներին: Աշխատանքներն այդ ուղղությամբ ներկայում շարունակվում են, բայց նախարարությունը, Ձեր ղեկավարման ժամանակահատվածում, հստակ քայլեր կատարեց այս ուղղությամբ: Ես գոհունակությամբ տեղեկացա, որ Ազդարարների մասին օրենքը, որի ուղղությամբ  կոռուպցիայի դեմ պայքարի Ձեր թիմը ամիսներ շարունակ աշխատում էր, արժանացավ կառավարության հավանությանը: Մենք կշարունակենք աջակցել նախարարությանը, եւ հույս ունենք հետագայում եւս շարունակել Ձեզ հետ համագործակցությունը այլ ոլորտներում: Ընդունեք իմ լավագույն ցանկությունները Ձեր կյանքի այս նոր փուլում: Ինձ համար մեծ պատիվ էր Ձեզ հետ աշխատելը»:

 

*

*