Գերմանիան պատրաստ է խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ․ Մերկել

Քննարկեցինք ներքաղաքական հարցեր՝ կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ:

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի բանակցությունները շատ արդյունավետ են անցել: Դրանք վերաբերել են Հայաստանի ու Գերմանիայի հարաբերությունների, տարածաշրջանի հարցերին: Այդ օրակարգի բազմաթիվ հարցերի վերաբերյալ կողմերի տեսակետները համընկել են, ինչը ցույց է տալիս, որ մեր հայ-գերմանական հարաբերությունները զարգանալու հսկայական պոտենցիալ ունեն: Oգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա ԳԴՀ կանցլերի երբևէ տեղի ունեցած առաջին այցն է ՀՀ. սա պատմական կարելի է որակել: Այս հանգամանքը ավելի է ընդգծում ՀՀ-ում վերջին շրջանում տեղի ունեցող փոփոխությունները: Ուրախ եմ, որ կանցլերի հետ շատ արդյունավետ բանակցություններ ունեցանք, որոնք վերաբերում էին Հայաստանի ու Գերմանիայի հարաբերությունների հարցերին, տարածաշրջանի հարցերին: Այդ օրակարգի բազմաթիվ հարցերի վերաբերյալ մեր տեսակետները համընկնում էին, ինչը ցույց է տալիս, որ մեր հարաբերությունները զարգանալու հսկայական պոտենցիալ ունեն: Մենք հույս ունենք, որ մեր համագործակցության ծավալներն էական փոփոխություններ կկրեն: Մենք քննարկեցինք ու եկանք հայտարարի, որ այս այցից հետո համատեղ օրակարգ կունենանք տարբեր ոլորտների շուրջ ու աշխատանք կիրականացնենք դրանք իրագործելու համար»,- ընդգծեց Փաշինյանը:

Անգելա Մերկելը նշեց, որ Գերմանիան պատրաստ է խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ: «Մենք անցած ամիսներին հետևել ենք ձեր երկրում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությանը: Խոսեցինք ոչ միայն մեր երկու երկրների, այլև Եվրամիության շրջանակում հարաբերությունների զարգացման շուրջ: Մենք կցանկանանք համագործակցել թվայնացման միջոցների ոլորտում: Կարևոր է համագործակցությունը կրթական ոլորտում. Հայաստանում կան դպրոցներ, որտեղ գերմաներենի ուսուցում է իրականացվում»,- ասաց Գերմանիայի կանցլերը:

Նա հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններում քննարկվել են նաև Գերմանիայում ապաստան խնդրողների խնդիրը:

«Մենք բավական լավ ենք համագործակցում այս ոլորտում, բայց կարելի է ավելին անել, որպեսզի հարաբերություններն ավելի խորանան: Ուրախ եմ, որ ՀՀ-ին հաջողվել է ԵՄ-ի հետ Խորը և համապարփակ համաձայնագիր կնքել: Գերմանիան իր ներդրումը կունենա համաձայնագրի իրականացման գործում Հայաստանին օգնելու հարցում: Քննարկեցինք ներքաղաքական հարցեր՝ կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ: Մաղթում եմ Հայաստանին այս հարցում հաջողություն»,- նշեց Մերկելը:

*

*