Քարոզարշավի ընթացքում գաղափարական և ծրագրային պայքար տեղի չունեցավ. «Մենք» դաշինք

«Առաջին անգամ տեղի ունեցան ընտրություններ, որտեղ իր գործուն ազդեցությունը չի ունեցել կրիմինալը, փողաբաժանությունն ու կեղծիքները»
menq

Դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներն արդեն հրապարակված են և կարող ենք ասել, որ վերջին 20 տարում Հայաստանում առաջին անգամ տեղի ունեցան ընտրություններ, որտեղ իր գործուն ազդեցությունը չի ունեցել կրիմինալը, փողաբաժանությունն ու կեղծիքները:

Այս մասին ասված է «Մենք» դաշինքի տարածած մամուլի հաղորդագրության մեջ:

«Այս փաստի առթիվ շնորհավորում ենք բոլորիս և նաև խորհրդարան անցած ուժերին, հույս ունենալով, որ նրանք կկարողանան գործել ի շահ Հայաստանի և ՀՀ քաղաքացու:

Այո′, այս ընտրություններն անցել են առանց էական խախտումների և միջադեպերի, բայց նաև ակնհայտ է բոլորի համար, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում բովանդակային, գաղափարական և ծրագրային պայքար այդպես էլ տեղի չունեցավ, որի արդյունքում էլ ունեցանք միաբևեռ Ազգային ժողով, ինչը երկրի զարգացման տեսանկյունից և խորհրդարանական կառավարման համակարգի կայացման առումով դրական երևույթ չէ:

Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում մեր ընտրողներին մեզ վստահելու համար: Վստահ եղե′ք, որ Ձեր յուրաքանչյուրի քվեն մեզ պարտավորեցնում է ավելի մեծ թափով աշխատել և մեր գաղափարակիցների բանակն էլ ավելի մեծացնել՝ հանուն ինքնավստահ և ապագային պատրաստ Հայաստանի և հանուն ՀՀ քաղաքացու բարօրության»,- ասված է հաղորդագրության մեջ:

*

*