«Պետք է պատասխանատվություն կրեն համակարգը ուռճացրած անձինք». Թեւան Պողոսյան

Միքայել Մելքումյանն ու Թեւան Պողոսյանը անդրադարձել են կառավարության կողմից նախաձռնված օպտիմալացման գործընթացին

Հարկային օրենսգրքի նոր նախագիծը, որը նախօրեին սկսվել է քննարկվել խորհրդարանում, պատգամավորներ՝ ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանի եւ Ժառանգություն խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանի կարծիքով, պետք է հետ ուղարկվի կառավարություն։

Ըստ Մելքումյանի՝ ներկայացված նախագիծը չի արտահայտում տնտեսության զարգացման ապագա միտումները: Պատգամավորը նկատել է, որ նոր նախագծով թույլ է տալիս հարկային մարմիններին մշտապես ներկա գտնվել ցանկացած տնտեսվարողի մոտ, ինչը կարող է ազդել տվյալ կազմակերպության աշխատանքի վրա։

«Այս կրճատումների էֆեկտը հիմնականում քաղաքական է, ֆինանսական այն լուրջ հետեւանքներ չի կարող ունենալ։ Ի դեպ, ավտոմեքենաների կրճատման մասին մենք դեռ շատ վաղուց ենք խոսել՝ բյուջեի քննարկումների ժամանակ։ Հետո, ով է տեսել, 5-6 փոխնախարար լինեն։ Ես աշխատել եմ որեպս փոխնախարար, եւ աշխատանքի հիմնական ծանրությունն ընկնում է առնվազն երկուսի վրա,- ասաց Մելքումյանը:

Ասուլիսում պատգամավորներն անդրադարձել են նաեւ կառավարության կողմից նախաձռնված օպտիմալացման գործընթացին։ Պատգամավոր Թեւան Պողոսյանը մտահոգություն է հայտնել, որ պետական մարմիններում կատարվող կրճատումները կարող են ազդել մատուցվող ծառայությունների որակի վրա։ Իսկ Մելքումյանն էլ ասել է, որ բացառությամբ, պաշտպանության նախարարության, մյուս գերատեսչություններում երկու փոխնախարարի պաշտոննները բավարար են՝ աշխատանքները կազմակերպելու համար։

Հիշեցնենք, որ նախօրեին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրամանով գյուղատնտեսության 5 փոխնախարարներից 3-ը ազատվել են զբաղեցրած պաշտոններից։

«Պետք է հասկանանք, արդյոք դա է մեր նպատակը , որ ծառայության որակն ընկնի: Եթե ոչ, ապա ո՞վ է ուռճացրել այս ամբողջ համակարգը: Այստեղ խնդիր է լինում, որ պետք է պատասխանատվություն կրեն մարդիկ եւ միայն խոսքով չլինի այդ ամենը»,-  նշեց Թեւան Պողոսյանը։

*

*