Մատվիենկո․ «Հայաստանը եղել է և կշարունակի մնալ Ռուսաստանի ռազմավարական գործընկերը»

Ռուսաստանի Դաշնային խորհուրդը գոհ է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման դինամիկայից․․․
valentina,-matvienko

Ռուսաստանի Դաշնային խորհուրդը գոհ է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման դինամիկայից, այն պարբերական քաղաքական երկխոսությունից, որը վարում են երկու պետությունների առաջնորդները, որոնք թույլ են տալիս նոր ազդակներ հաղորդել երկկողմ համագործակցությանը: Այդ մասին պետական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:

«Մեր երկրների առաջնորդները բավականին հաճախ են հանդիպում, ինչը թույլ է տալիս լուծել կոնկրետ խնդիրներ։ Հայաստանը եղել է և վստահությամբ կշարունակի մնալ Ռուսաստանի ռազմավարական գործընկերը, որի հետ մենք կառուցում ենք ամուր փոխգործակցություն ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ ինտեգրացիոն հարթակներում: Այս առումով, Ռուսաստանը Հայաստանի վստահելի գործընկերն է»,- ընդգծել է Մատվիենկոն:

Մատվիենկոն երկու երկրների խորհրդարանականներին կոչ է արել վերստուգել միջխորհրդարանական պայմանագրերը, ինչպես նաև վերլուծել առկա միջպետական ու միջկառավարական համաձայնագրերը՝ դրանց արդիականացման նպատակով:

Իր հերթին, ՀՀ ԱԺ նախագահը ավելացրել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձը և այս տարիների ընթացքում երկու երկրները դուրս են եկել դաշնակցային փոխգործակցության որակական նոր մակարդակ:

«Այս առումով, ցանկանում եմ ընդգծել, որ մեր ակտիվ մասնակցությամբ Եվրասիական ինտեգրացիոն գործընթացին ընդլայնվում է համագործակցությունը առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտային և այլ ոլորտներում»,- ասել է Բաբլոյանը:

*

*