«Այս խորհրդարանը ցրելու հետ կապված բոլոր սցենարներին մենք աջակցելու ենք». Էդմոն Մարուքյան

«Մենք Երևանի մասշտաբով երրորդն ենք, հետևաբար...»
edmon-maruqyan

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն  աջակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրությունների հասնելու բոլոր սցենարներին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ ընդգծելով, որ այս պահին չգիտեն, թե արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու որ սցենարն է առաջարկվելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից: «Այս խորհրդարանը ցրելու հետ կապված բոլոր սցենարներին մենք աջակցելու ենք: Հիմա, թե ինչ սցենարով կբերվի ցրելու գործընթացը, կբերեն, մենք կհասկանանք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Մարուքյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, թե խոսակցություններ կան արտահերթ խորհրդարանական ընտրությունները մինչև ընթացիկ տարվա վերջ անցկացնելու մասին՝ Էդմոն Մարուքյանն ընդգծեց՝ եթե առաջարկ արվի արտահերթ խորհրդարանական ընտրությունները մինչև տարեվերջ անցկացնելու մասին, պետք է երաշխավորվեն նաև մնացած բոլոր հանգամանքները: «Եթե երաշխավորվում են, այո, մենք որևէ խնդիր չենք տեսնում»,- նշեց Մարուքյանը:

Հարցին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները սեղմ ժամկետներում անցկացնելու դեպքում քաղաքական ուժերը պատրա՞ստ են, Էդմոն Մարուքյանը վստահեցրեց, որ իրենք պատրաստ են: «Մենք պատրաստ ենք, քանի որ այս պահին արձանագրել ենք, որ մենք Երևանի մասշտաբով երրորդն ենք, հետևաբար, եթե վաղը լինի ընտրություններ, մենք կարող է երրորդը դառնանք, բայց մյուս ուժերի համար ես չեմ կարող երաշխավորել: Ես չեմ կարող խոսել բոլոր ուժերի փոխարեն: Բոլոր քաղաքական ուժերը պետք է գան և մասնակցեն բանակցություններին: Վարչապետը նշել է, որ և խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ պետք է բանակցություններ լինեն: Հետևաբար, սա լայն կոնսոլիդացիայի հարց է, ինչը ես ողջունում եմ»,- ընդգծեց պատգամավորը՝ հավելելով, որ բանակցությունների համար կառավարությունից իրենց դեռ չեն դիմել:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում հայտարարել է, որ հոկտեմբերի 1-ից արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ աշխատանքային քննարկումներ է սկսում խորհրդարանական ուժերի հետ:

*

*