Վիրավորներին ու զոհերի հարազատներին պետք է տրամադրել արդարացի փոխհատուցում. «Իմ քայլը»

«Իմ քայլը» խմբակցության հայտարարությունը Մարտի 1-ի մասին
lilit-makunc

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն ընդհատեց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպումն ու լրագրողների մոտ հանդես եկավ Մարտի 1-ի վերաբերյալ հայտարարությամբ:

Հայտարարությունը ներկայացրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Նա նախ կարևորեց 2008-ի Մարտի 1-ի, դրան նախորդած և հաջորդած իրադարձություններին քաղաքական գնահատական տալու անհրաժեշտությունը, ընդգծեց Հայաստանում խաղաղ, առանց զենքի հավաքների անցկացման իրավունքի անարգել իրացման, երաշխավորման անհրաժեշտությունը:

Իշխանական խմբակցության ղեկավարը ներկայացրեց 4 կետից կազմված հայտարարությունը:

«1. Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պատշաճ պահպանման, մարտի մեկի իրադարձությունների բազամկողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում մեղավորներին պատասխանատվության ենթարկելը պատմական հրամայական է, որն ուղերձ կհանդիսանա ՀՀ բոլոր իշխանություններին, երկրի նորագույն պատմության ամենասև էջերից մեկի կրկնությունը բացառելու, արդարության և համերշխության վերականգնման, ինչպես նաև ժողովդավարության ամրպնդման համար:

2. Մարտիմեկյան իրադարձությունների հետևանքով վիրավորվածներին և զոհերի իրավահաջորդներին տրմադարել արդարացի փոխհատուցում:

3. Կյանքի իրավունքի պաշտպանությունը պետության առաջնային պարտականությունն է, ըստ այդմ՝ ՀՀ քաղաքացիներ Տիգրան Խաչատրյանին, Զաքար Հովհաննիսյանին, Գոռ Քլոյանին, Դավիթ Պետրոսյանին, Արմեն Ֆարմանյանին, Սամվել Հարությունյանին Տիգրան Աբգարյանին (զինծառայող), Գրիգոր Գևորգյանին, Հովհաննես Հովհաննիսյանին, Համլետ Թադևոսյանին մահ պատճառելը որևէ հիմնավորմամբ չի կարող արդարացվել կամ մնալ անպատիժ:

4. Հիշում և հարգանքի տուրք ենք մատուցում մարտիմեկյան զոհերի և հանձն առնում ջանքեր գործադրել թե օրենսդրական մակարդակում, թե առհասարակ քաղաքական մշակույթում այնպիսի փոփոխություններ իրականացնել, որոնք երաշխիքներ կստեղծեն հետայսու բռնությունը և քաղաքական ճնշումները ներհասարական գործընթացներում բացառելու, քաղաքացիների կողմից իրենց հիմնարար իրավունքները և ազատություններն անկաշկանդ իրացնելու ուղղությամբ»:

Մակունցը նաև տեղեկացրեց, որ այս հայտարությունը հնարավոր է հետագայում ներկայացվի որպես ԱԺ հայտարարության նախագիծ:

*

*