Նիկոլ Փաշինյանին մերժել են ելույթ ունենալ մարտի 1-ի հավաքին

ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը հրաժարվեց պատասխանել հարցին, թե մասնակցելո՞ւ է...
nikol-pashinyan

ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը հրաժարվեց պատասխանել հարցին, թե մասնակցելո՞ւ է այսօրվա միջոցառումներին՝ մարտի 1-ի հետ կապված։ Մինչդեռ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հստակ ներկայացրեց իրենց որոշումը։ ՀԺԿ-ի, «Նոր Հայաստան» միավորման եւ ՀԱԿ-ի կազմակերպած հավաք-երթին մասնակցելու հարց իրենց քաղաքական օրակարգում չկա։

«Չեմ փորձի մտնել այլ քաղաքական ուժերի հարաբերությունների մեջ, բայց ցավում եմ, որ այն շարժումը , որը կարող էր Հայաստանում որակապես բան փոխել, նման վախճան ունեցավ»։

«Դա սելեկտիվ մոտեցման փորձ է, որին, բնականաբար, շահագրգիռ մարդիկ չեն ուզում մասնակցել։ Մարտի 1-ն անցել է բոլորի մասնակցությամբ, շատ հազվագյուտ մարդիկ կան, որ այդ պահին չեն եղել Ազատության հրապարակում, բայց դա չի նշանակում, որ հիմա պետք է վերցնել մարտի 1-ի հանրահավաքի լիդերությունը»,- ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը։

Ի տարբերություն «Ազատ դեմոկրատների», ԲՀԿ-ում չեն հանդիմանի նրանց, ովքեր կմասնակցեն իրենց գործընկերների հրավիրած հավաք-երթին։

«Չեմ ցանկանա ընդդիմադիր դաշտում ստեղծված իրավիճակին գնահատական տալ, բայց բնականաբար, այն ծրագրերը, որոնք գաղափարական հենքի վրան, երեւի թե ճիշտ կլինի միասին իրականացնել»,- ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում չակերտները բացում են։ Ինչո՞ւ են մերժել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանի՝ ելույթ ունենալու ցանկությունը։

«Պետք է գուշակություններով զբաղվեմ։ Կարծում եմ, դա դուր չի եղել ՀԱԿ կուսակցությանը, որովհետեւ, չգիտեմ ինչ մտավախություներից ելնելով, որոշել են որեւէ մեկին չնեղացնել ու հայտարարել են, որ ընդհանրապես ելույթ չի լինելու։

Բայց ինձ համար որպես քաղաքացի անհասկանալի է, թե ինչու Նիկոլ Փաշինյանը, որը 2008 թվականին այդ օրն այնքան էր ելույթ ունեցել, որ ձայնը քաշվել էր, 8 տարի անց ելույթ չպիտի ունենա»,- ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության խոսնակ Ալեն Սիմոնյանը։

Ի դեպ, հավաքին մասնակցելու նախնական հրավեր եղել է ոչ թե Փաշինյանի երբեմնի գործընկեր ՀԱԿ կուսակցությունից, այլ «Նոր Հայաստան» միավորումից։ Սկզբում համաձայնվել են ելույթի առաջարկի հետ, հետո մերժել։

«Ներկա ենք գտնվելու, բայց չենք մասնակցելու»,- այսպես են մեկնաբանում կուսակցությունում իրենց մասնակցությունը հավաք-երթին։

*

*