«Մանե Թանդիլյանի որոշումը մեզ համար անակնկալ էր». Էդմոն Մարուքյան — Երկիր Մեդիա

«Մանե Թանդիլյանի որոշումը մեզ համար անակնկալ էր». Էդմոն Մարուքյան

«Չէինք ցանկանա, որ Թանդիլյանը հրաժարական տար և դուրս գար կուսակցությունից...»

Մանե Թանդիլյանի հրաժարականի մասին որոշումը կուսակցության դիրքրոշումը չի եղել, այլ նրա անձնական որոշումը` պայմանավորված հանգամանքներով, որի վերաբերյալ նա երեկ խոսել է: Այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ կայացած զրույցում, անդրադառնալով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից Մանե Թանդիլյանի հրաժարականին՝ հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:

«Անակնկալ էր մեզ համար, միևնույն ժամանակ, մեծ հարգանքով եմ վերաբերում Մանե Թանդիլյանի որոշմանը: Նա, առաջին հերթին, իմ ընկերն է, իմ քաղաքական զինակիցը: Մանեն «Դեմ եմ» շարժման առաջնորդներից է եղել, և, բնականաբար, պարտադիր կուտակային համակարգը և դրա նեդրման հետ կապված խնդիրները նրա համար կարևոր նշանակություն ունեն»,-ասաց Էդմոն Մարուքյանը:

Նա շեշտեց, որ վարչապետը դեռևս չի ընդունել Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումը, երբ կընդունի՝ իրենք կանդրադառնան հարցին` արդյոք այլ մարդ ԼՀ-ն կներկայացնի այդ պաշտոնի համար:

Ինչ վերաբերում է Թանդիլյանի` կուսակցությունից դուրս գալու որոշմանը, Մարուքյանն ընդգծեց, որ կուսակցությունից դուրս գալու հարցը նույն անձնական դաշտում է: «Որքանով մեկնաբանել է Մանե Թանդիլյանը, դա պայմանավորված է նրանով, որ չխոչընդոտի կառավարությանն աջակցելու կուսակցության գործունեությանը: Չնայած նման խնդիր չկա, Թանդիլյանը կարող էր հրաժարական ներկայացնել, դուրս գալ կառավարության կազմից, բայց կուսակցությունը շարունակեր իր դիրքորոշումը պահպանել»,- ասաց նա եւ հավելեց, որ կուսակցությունը Թանդիլյանից դիմում դեռ չի ստացել:

«Նա կուսակցության սովորական անդամ չէ՝ փոխնախագահն է, մեզ համար շատ ցավոտ է, բայց  հարգում ենք նրա որոշումը»,- ասաց նա:

*

*