Նորընտիր պատգամավորներին մանդատներ հանձնողների թվում էր 103-ամյա Բավական տատը

...վիճակահանության արդյունքներով ընտրվել են 28 քաղաքացիներ:

ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի նորընտիր պատգամավորները ստացան իրենց մանդատները: Մանդատներն առաջին անգամ հանձնեց ոչ թե Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, այլ համակարգչային վիճակահանությամբ ընտրված 28 ընտրողներ:

Հանդիսավոր արարողությունը կայացավ հունվարի 10-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում:

«Ընտրություններին մասնակցած քաղաքացիների միջև տեղի ունեցած վիճակահանության արդյունքներով ընտրվել են 28 քաղաքացիներ, ովքեր ընտրողների անունից մանդատները կտրամադրեն նորընտիր խորհրդարանի պատգամավորներին: Ընտրվածների թվում են նաև ամենաերիտասարդ ընտրողներ, ում 18 տարեկանը լրացել է ընտրության օրը: Հրավիրել ենք նաև քվեարկության ամենատարեց մասնակիցներ 103 տարեկան Բավական Փիլոյանին՝ Լոռու մարզից և 99 տարեկան Խաչիկ Գաբրիելյանին՝ Արարատի մարզից»,-ներկայացրեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Իրականացված մեկ այլ վիճակահանությամբ որոշվել էր քաղաքացիների կողմից մանդատների տրամադրման հաջորդականությունը: Մուկուչյանը նշեց, որ նման խորհրդանշական եղանակով մանդատների հանձնմամբ ցանկացել են լրացուցիչ անգամ ընդգծել ՀՀ սահմանադրությամբ ամրագրված ուղղակի ընտրական իրավունքի ինստիտուտի բովանդակությունը: ԿԸՀ նախագահը նորընտիր պատգամավորներին բեղմնավոր գործունեություն մաղթեց օրենսդիր մարմնում:

103 տարեկան Բավական Փիլոյանն առաջին մանդատը հանձնեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանին:

*

*