Ադրբեջանի իշխանությունները մտադրություն չունեն լուծել այս հակամարտությունը. Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում

Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակում...

Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին հանդես է եկել ելույթով։

«Պարոն նախագահ,

Ձերդ Գերազանցություններ,

Տիկնայք եւ պարոնայք,

Իմ ելույթի սկզբում ես կցանկանայի շնորհավորել Ն.Գ. Թիջանի Մուհամմադ-Բանդեին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Պարոն նախագահ, ցանկանում եմ հավաստել Հայաստանի լիակատար աջակցությունը Ձեզ Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի ընթացքում։

Ցանկանում եմ նաև խորին շնորհակալություն հայտնել 73-րդ նստաշրջանի նախագահ տիկին Մարիա Ֆերնանդա Էսպինոսային՝ ակտիվ նախագահության և մեզ ավանդված արժեքավոր ժառանգության համար:

Սա իմ երկրորդ հնարավորությունն է՝ ներկայացնելու իմ երկիրն այս բարձրագույն մարմնում՝ ՀՀ վարչապետի կարգավիճակով: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իմ վերջին հայտարարությունից ի վեր մեր երկրում ահռելի փոփոխություններ են տեղի ունեցել: Անցած դեկտեմբերին Հայաստանում անցկացվեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Վերջին շուրջ 25 տարվա ընթացքում առաջին անգամ Հայաստանում անցկացված ընտրությունները չվիճարկվեցին որևէ քաղաքական կուսակցության կողմից: Դրանք լավագույն գնահատականն ստացան միջազգային դիտորդների կողմից, ովքեր ողջունեցին ընտրությունները որպես ազատ, արդար և թափանցիկ: Դա 2018 թվականի ոչ բռնի, թավշյա հեղափոխության կարեւորագույն նվաճումներից էր:

Անցյալ տարի տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում միջազգային ԶԼՄ-ները Հայաստանն անվանեցին համաշխարհային ժողովրդավարության հույս: Ի գիտություն ընդունելով մեր ժողովրդավարական նվաճումները՝ The Economist-ը Հայաստանը հռչակեց տարվա երկիր:

Մենք ունենք անկոտրում վճռականություն՝ առաջ մղելու ժողովրդավարությունն ու բարեփոխումները մեր երկրում: Այն հիմնված է մեր ժողովրդի ծանրակշիռ մանդատի վրա, որին մենք պատասխանատու ենք բարեփոխումներ իրականացնելու, արդարության ապահովման, տնտեսական և սոցիալական պայմանների բարելավման և մեր ազգի զարգացման գործում:

Ժողովրդավարական բարեփոխումների նկատմամբ երկրի ներսում կա որոշակի դիմադրություն նախկին կոռումպացված վերնախավի կողմից, որը փորձում է խոչընդոտել նոր կառավարության որդեգրած կոռուպցիայի դեմ զրո հանդուրժողականության քաղաքականությանը: Նրանք փորձում են խուսափել արդարադատությունից՝ օգտագործելով իրենց ֆինանսական ռեսուրսները եւ մարտահրավեր նետելով մեր ժողովրդավարական նվաճումներին և ժողովրդավարական եղանակով ընտրված Հայաստանի կառավարությանը, որը չի իրականացրել գույքի եւ սեփականության վերաբաշխում:

Մեր ԶԼՄ-ները լիովին զերծ են կառավարության վերահսկողությունից կամ միջամտությունից: Այնուամենայնիվ, նրանցից ոմանք ենթարկվում են նախկին կառավարության նույն հին շրջանակներին՝ կեղծ լուրեր հորինելով և հասարակության մեջ անվստահություն սերմանելով թավշյա հեղափոխության ծագման և նպատակների վերաբերյալ: Չնայած այս մարտահրավերին, ԶԼՄ-ների ազատությունը խթանելու և պաշտպանելու մեր վճռականությունն անխախտ է:

Կասկածներ էին արտահայտվում մեր հեղափոխության բնույթի և նպատակների վերաբերյալ: Ոմանք կարծում էին, որ այս հեղափոխությունը հրահրվել է մեր տարածաշրջանում իրենց դիմակայող գլոբալ ախոյանների կողմից: Մյուսները հարց էին տալիս. եթե նրանք չեն այս հեղափոխության ետևում, ապա ուրիշ էլ ով կարող էր դա անել:

Այս բարձր ամբիոնից ևս մեկ անգամ ցանկանում եմ հայտարարել, որ Հայաստանում թավշյա հեղափոխությունը կատարվել է իր հպարտ քաղաքացիների կողմից՝ որպես կոռուպցիան, իշխանության չարաշահումը, տնտեսական և քաղաքական ուժի մենաշնորհը, մշտական ընտրակեղծիքներն ու քաղաքական մանիպուլյացիաները մերժելու նրանց կամքի դրսևորում: Պետք չէ գլոբալ տերությունների մրցակցության տեսանկյունից դիտարկել հայ ժողովրդի կամքի արտահայտությունը, որը գերագույն ինքնիշխանության կրողն է մեր երկրում:

Քաղաքական վերափոխումները միտված էին ազատ, ժողովրդավարական և երջանիկ երկիր ունենալու երազանքի իրականացմանը՝ երազանք, որը ծնվել էր 80-ականների վերջին՝ Սառը պատերազմի մայրամուտին և անկախություն բերել մեր ժողովրդին…

…Տիկնայք եւ պարոնայք,

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն առանցքային նշանակություն ունի մեր տարածաշրջանի կայունության և անվտանգության համար: Իմ պաշտոնավարման առաջին իսկ օրվանից ես քայլեր եմ ձեռնարկել հենց այս համատեքստում: Այս նպատակով, ես հանդես եկա հայտարարությամբ, որում ասվում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար:

Հատկանշական է, որ ես առաջին հայ ղեկավարն էի, ով նման դիրքորոշում հայտնեց հակամարտության կարգավորման վերաբերյալ: Ինձ խստորեն քննադատեցին իմ երկրում լուծման այնպիսի բանաձևի համար, որը հավասարության նշան է դնում հակամարտության 3 կողմերի միջեւ: Այդուամենայնիվ, ես հավատում եմ, որ դա հակամարտության խաղաղ լուծման բանալին է, քանի որ այն ենթադրում է փոխզիջման, փոխադարձ հարգանքի և հավասարակշռության հնարավորություն:

Ես այդ բանաձևը ներկայացրեցի ոչ միայն հանրությանը, այլև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո անցկացվող բանակցությունների շրջանակում: Առաջ ընթանալու համար ես ակնկալում էի նման հայտարարություն նաև Ադրբեջանից: Այնուամենայնիվ, Ադրբեջանի բարձրագույն իշխանությունները մնացին իրենց դիրքորոշմանը՝ ձգտելով ղարաբաղյան հիմնախնդրի այնպիսի լուծման, որն ընդունելի կլինի միայն Ադրբեջանի ժողովրդի համար:

Ի՞նչ է դա նշանակում իրականում: Դա նշանակում է, որ Ադրբեջանի իշխանությունները մտադրություն չունեն լուծել այս հակամարտությունը: Փոխարենը, նրանք ցանկանում են հաղթել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: Նրանք չեն ցանկանում գնալ որևէ փոխզիջման: Նրանց նպատակը վրեժխնդրությունն է 1990-ականներին և 2016 թվականին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ագրեսիայի անհաջող փորձի համար: Այդ իսկ պատճառով նրանք բորբոքում են հակահայկական տրամադրություններ իրենց ժողովրդի մեջ, այդ պատճառով նրանք հսկայական ռեսուրսներ են ծախսում սպառազինության վրա, այդ իսկ պատճառով հայատյացությունն արդեն դարձել է Ադրբեջանի պաշտոնական քաղաքականությունը:

Փաստորեն, մեր հակառակորդները ցանկանում են հետ բերել Լեռնային Ղարաբաղի խորհրդային ժամանակների կարգավիճակը: Բայց դա ապարդյուն ջանք է, քանի որ խորհրդային շրջանում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովուրդը հռչակել է իր անկախությունը և ինքնորոշում իրականացրել այնպես, ինչպես դա արեց Ադրբեջանը՝ դուրս գալով Խորհրդային Միության կազմից: Ադրբեջանի այս դիրքորոշումը հավասարազոր է Խորհրդային Միության վերականգնման գաղափարին։

Ադրբեջանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ներկայացնում է որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճ: Մենք բնավ համաձայն չենք հակամարտության այդպիսի մեկնաբանության հետ: Դա վեճ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այս վեճը տարածքային պահանջների մասին չէ: Խոսքը մարդկանց մասին է, տղամարդկանց, կանանց և իրենց հայրենիքում ապրելու նրանց իրավունքի մասին, այնպես, ինչպես ապրել են իրենց նախնիները դարերի ընթացքում:

Ցավոք, Ադրբեջանի իշխանությունները չեն ցանկանում խոսել այդ մարդկանց հետ և բանակցել նրանց հետ, քանի որ նրանք ցանկանում են ունենալ տարածքներ, բայց ոչ ժողովուրդ: Ավելի ճիշտ` տարածքներ՝ առանց ժողովրդի»։

Ամբողջությամբ՝ այստեղ։

*

*