«Մադրիդյան սկզբունքներին հրաժեշտ տալու ժամանա՞կն է, թե՞ դեռ վաղ է». Ստանիսլավ Տարասովի ուշագրավ հոդվածը

«Նրա խոսքով` այդ փաստաթղթի մասին ոչ ոք չի խոսում` ո'չ Ադրբեջանը, ո'չ առավել ևս` Հայաստանը»
pashinyan-aliev-davos

Ինչպես հայտնում է yerkir.am-ը, ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը Регнум-ում հրապարակած  հերթական հոդվածում քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը: Նա մասնավորապես անդրադարձել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի, ինչպես ինքն է գրում, ինտրիգային հայտարարությանը: Ըստ Տարասովի` մի շարք այլ հարցերի հետ մեկտեղ Կարապետյանը «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք օրակարգում են Մադրիդյան սկզբունքները, ասել է, որ ոչ մի տեղեկություն չունի այդ առումով:

«Նրա խոսքով`  այդ փաստաթղթի մասին ոչ ոք չի խոսում` ո’չ Ադրբեջանը, ո’չ առավել ևս` Հայաստանը, ո’չ էլ` միջնորդները, այնպես որ` կարելի է համապատասխան ենթադրություններ անել»,- Կարապետյանին մեջբերում է Տարասովը:

Վերլուծելով իրավիճակը` նա գրում է, որ երբ Ալիևի-Փաշինյան` «ոտքի վրա» հանդիպումից հետո շփման գծում լարվածությունն էապես նվազեց, ծնվում էր Ալիև-Փաշինան ձևաչափ, որի գործունեության հետ ԵԱՀԿ Մինսի խումբը ոչ մի կապ չուներ, միայն ողջունում էր ձեռք բերված պայմանավորվածությունները: «Հետագայում, ինչպես արդեն հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը,  ստեղծվեց այլ` Մնացականյան-Մամեդյարով զույգը, որը մշակում էր գործողությունների իր սցենարը: Կարապետյանը բացահայտ կերպով ակնարկում է, որ կողմերը հրաժարվեցին Մադրիդյան սկբունքների հետագա մշակումից և անցան օրակարգի փոփոխությանը: Այդ փուլում  Բաքուն և Երևանը պետք է միասին բացեին խաղաքարտերը և խոսեին փոխզիջումային քայլերի (դրանք գոյություն ունեն — Տարասով) մասին, որպեսզի առաջ շարժվեն:

Սակայն սխալը թույլ տվեց Բաքուն, որը, ըստ ամենայնի, ներքաղաքական նկատառումներով որոշեց հրապարակային կերպով խոսել Փաշինյանի «պարտվելու» և իր «հաղթանակի» մասին: Արդյունքում` Փաշինյանը, որը հայտնվել էր ներքաղաքական հարվածի տակ, արեց պատասխան քայլը` խոսելով իր բանաձևի մասին`«Հայաստանը` առանձին, Լեռնային Ղարաբաղը` առանձին»:

Ըստ լեհական Gazeta Wyborcza թերթի` «Հայաստան-Ադրբեջան» բանաձևի դեպքում կարելի է խոսել միայն պատերազմական  վիճակից կողմերի դուրս գալու մասին: Ինչ վերաբերում է «Բաքու-Ստեփանակերտ» բանաձևին, ապա նոր պայմաններում ԵԱՀԿ ՄԽ-ն պետք է անցնի  հակամարտությունից դուրս գալու գործընթացի բազային հիմքի մշակմանը»,- գրում է Տարասովը` հավելելով, որ դա երկար ժամանակ կպահանջի, և փաստ չէ, որ արագորեն հաջողությամբ կպսակվի:

Թարգմանությունը` Անի Սահակյանի

*

*