ԱՄՆ պետդեպ. ԼՂ հակամարտության լուծման միակ ճանապարհը բանակցություններն են

«Կոչ ենք անում կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները»։
amn-petdep

Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը խիստ մտահոգություն է հայտնել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հուլիսի 4-ին հրադադարի ռեժիմի խախտման նոր փաստի առնչությամբ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ խոսել է ԱՄՆ պետդեպի խոսնակ Հիթեր Նոյերթը:

«Միացյալ Նահանգները խիստ մտահոգված է հուլիսի 4-ին Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման փաստի առնչությամբ, որը պատճառ դարձավ քաղաքացիական անձանց շրջանում կորուստների, այդ թվում և հազիվ երկու տարեկան երեխայի մահվան: Դա տեղի է ունեցել շփման գծում: Մենք ցանկանում ենք ի սրտե մեր ցավակցությունները հայտնել զոհերի ընտանիքներին:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ միասին մենք կոչ ենք անում կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցային սեղանի շուրջ: Այդ տարածաշրջանում մեր քաղաքականությունը հստակ է. հակամարտության լուծման միակ ճանապարհը բանակցություններն են ՝ հիմնված միջազգային իրավունքի վրա, որը հավատարիմ է ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության ու ինքնորոշման սկզբունքներին»,- նշել է Նոյերթը:

*

*