«Լուսավոր Հայաստան»-ը համապետական լսումների համար շրջայցեր է սկսում

Կուսակցությունը հայկական ավանդական «ազգափրկիչ» ավանդույթի մեջ չի տեղավորվում, նման ամբիցիաներ ու պլաններ չունենք։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները մարտի 12-ից սկսում են համապետական լսումների շրջայցը։ Շրջայցի մեկնարկի մասին այսօր հայտարարվել է Երեւանի Մաշտոցի պուրակում հրավիրած բացօթյա ասուլիսի ժամանակ:

Կուսակցության խորհրդի քարտուղար Մանե Թանդիլյանի խոսքով, իրենք, որպես կուսակցություն, կդառնան այն քաղաքական խողովակը, որի միջոցով քաղաքացիները կարող են մասնակցություն ունենալ քաղաքական գործընթացներին:

«Ինչո՞ւ ենք Մաշտոցի պուրակից սկսում մեր շրջայցը, որովհետեւ այս պուրակը քաղաքացիական պատասխանատվության, քաղաքացիական շարժման բարձր ընկալման խորհրդանիշ է։ Շրջայցի ժամանակ լսելու ենք մեր քաղաքացիներին եւ բոլոր հարցերը ներառելու ենք մեր ծրագրերում»,- ասել է կուսակցության խորհրդի քարտուղար Մանե Թանդիլյանը:

Առաջին կանգառը Գյումրին է, իսկ շրջայցի ընթացքում հանդիպումներ կլինեն տարբեր մարզերում։

Կուսակցության նախագահ, պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ, պատասխանելով լրագրողների՝ «Արդյո՞ք սա կարելի է դիտարկել 2017-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի մեկնարկ» հարցին, ասել է, որ պաշտոնապես քարոզարշավ կսկսեն Վանաձորի, Գյումրիի քաղաքապետի ընտրություններում, իսկ խորհրդարանական մանդատների համար կպայքարեն ավելի ուշ։ Այսօր, ըստ Մարուքյանի, իրենք գնում են ընդամենը մարդկանց լսելու, եւ ոչ թե ասելու, թե ինչ են իրենք պատրաստվում անել։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայկական ավանդական «ազգափրկիչ» ավանդույթի մեջ չի տեղավորվում, մենք չունենք նման ամբիցիաներ ու պլաններ։ Մենք լիբերալ քաղաքական ուժ ենք, որը չի համարում իրեն բոլորի կուսակցություն, քանի որ լիբերալներ բոլորը չեն լինում»,- ասել է Էդմոն Մարուքյանը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները