«Կոչ ենք անում ՀՀ ԱԺ նախագահին հրավիրել արտահերթ նիստ»․ «Լուսավոր Հայաստան»

Մայիսի 19-ի ուշ երեկոյան «Լուսավոր Հայաստան» կուսակցության ու ԱԺ խմբակցության անունից հայտարարություն է տարածվել
lusavor-hayastan

Մայիսի 19-ի ուշ երեկոյան «Լուսավոր Հայաստան» կուսակցության ու ԱԺ խմբակցության անունից հայտարարություն է տարածվել, որով ՀՀ վարչապետին հորդորելում են վերանայել դատարաններն արգելափակելու իր կոչը։

«Այս պարագայում խաթարվում է ՀՀ-ում արդարադատության իրականացումը հազարավոր մարդկանց համար, խախտվում են նրանց սահմանադրական իրավունքները։ Հայաստանի Հանրապետությունն այդկերպ խախտում է իր իսկ կողմից վավերացրած միջազգային պայմանագրերով սահմանված մարդու իրավունքները՝ վիժեցնելով հեղափոխությունից հետո կուտակված իրավական պետություն կառուցելու ամբողջ ներուժը։

Գործադիր իշխանությունն՝ ի դեմս ՀՀ վարչապետի արդեն մեկ տարի ուներ և այժմ էլ ունի դատական համակարգը օրինազանց դատավորներից մաքրելու և դատական իշխանության արդյունավետությունը բարձրացնելու գործնական բոլոր լծակները, ինչը մինչև այժմ չի արվել։ Կոչ ենք անում վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերանայել իր կոչը և ձեռնպահ մնալ դատարանների մուտքերը փակելու մտադրությունից, որպեսզի ՀՀ բոլոր քաղաքացիները կարողանան պաշտպանել և իրացնել իրենց սահմանադրական իրավունքները։

Նաև կոչ ենք անում ՀՀ ԱԺ նախագահին վաղը ևեթ հրավիրել արտահերթ նիստ`քննարկելու ստեղծված իրավիճակը։

Միևնույն ժամանակ վերահաստատում ենք մեր պատրաստակամությունն աջակցելու դատական համակարգի ինստիտուցիոնալ բարեփոխումներին, որի արդյունքում կունենանք լիարժեք գործող և ժողովրդի վստահությունը վայելող անկախ դատական համակարգ»:

 

*

*