Լոռու մարզի Քարաձոր և Լեռնավան համայնքներում կանցկացվեն արտահերթ ընտրություններ

Այդ մասին որոշման նախագծերն ընդգրկված են կառավարության ապրիլի 18-ի նիստի օրակարգում:
tim-yntrutyun

Լոռու մարզի Քարաձոր և Լեռնավան համայնքներում հունիսի 9-ին կանցկացվեն համայնքի ղեկավարի և ավագանու անդամների արտահերթ ընտրություններ: Այդ մասին որոշման նախագծերն ընդգրկված են կառավարության ապրիլի 18-ի նիստի օրակարգում:

Քարաձոր համայնքի ղեկավար Արա Մատինյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի հոկտեմբերի 2-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում: Արա Մատինյանը 2019 թվականի մարտի 4-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:

Լեռնավան համայնքի ավագանու անդամներ Համլետ Մազմանյանը, Նորիկ Չախալյանը, Վարդան Ավագյանը 2019 թվականի հունվարի 30-ին, իսկ ավագանու անդամ Դավիթ Հարությունյանը փետրվարի 25-ին հրաժարականի դիմումներ են ներկայացրել: «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի  համաձայն՝ 2019 թվականի փետրվարի 26-ին Լոռու մարզի Լեռնավան համայնքի ավագանին կազմել է վերոնշյալ ավագանու անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ արձանագրություն:

Այդ հանգամանքով պայմանավորված, անհնարին է դարձել Լեռնավան համայնքի ավագանու նիստերի հետագա անցկացումը, քանի որ ավագանու անդամների թվաքանակը նվազել է օրենքով սահմանված թվաքանակի կեսից ավելիի չափով՝ ավագանու 7 անդամից 4-ը ներկայացրել են հրաժարականներ:

*

*