Լոքյանը Ստրասբուրգում մասնակցել է ԵԽ տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի 31-րդ նստաշրջանին

Ելույթից հետո նախարարը պատասխանել է պատվիրակների հարցերին:
loqyan

Ստրասբուրգում է Հայաստանի տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Նա հոկտեմբերի 20-ին ելույթ է ունեցել Եվրոպայի խորհրդի Տեղական եւ տարածքային իշխանությունների Կոնգրեսի 31-րդ նստաշրջանի լիագումար նիստում:

«Կոնգրեսի քաղաքական երկխոսությունը Հայաստանի իշխանությունների հետ» խորագրով իր ելույթում Դավիթ Լոքյանը ներկայացրել է Հայաստանում տեղական ժողովրդավարության զարգացման եւ այդ ոլորտում Տեղական ինքնակառավարման Եվրոպական խարտիան լավագույնս երաշխավորելու ուղղությամբ Հայաստանում իրականացված եւ ընթացիկ աշխատանքները: Նա արժեւորել է Եվրոպայի խորհրդի համապատասխան կառույցների, մասնավորապես, Կոնգրեսի հետ արդյունավետ համագործակցությունը, որը շարունակվում է իրագործվել 2015-ից 2018թթ-ների գործողությունների ծրագրի եւ Կոնգրեսի հետմոնիտորինգային երկխոսության շրջանակում:

Ելույթից հետո նախարարը պատասխանել է պատվիրակների հարցերին:

Նույն օրը Դավիթ Լոքյանը պաշտոնական հանդիպումներ է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալի, Կոնգրեսի՝ նախօրեին պաշտոնավարումն ավարտած, ինչպես նաեւ նորընտիր նախագահների հետ: Քննարկվել են Եվրոպայի Խորհրդի եւ մասնավորապես Կոնգրեսի հետ Հայաստանի համագործակցության ընթացքը եւ փոխգործակցության հեռանկարները: Եվրոպայի Խորհրդի կենտրոնակայանում նաեւ Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին եւ Հայաստանում տեղական ինքնակառավարման ոլորտի 20-ամյակին նվիրված հանդիսավոր ընդունելություն է կայացել, որին մասնակցել են Կոնգրեսի ղեկավարությունն ու անդամները, ինչպես նաեւ Եվրոպայի Խորհրդի եւ դիվանագիտական անձնակազմի ներկայացուցիչները:

*

*