Լինսի Գրահամն արգելափակել է Հայոց ցեղասպանության բանաձևի քննարկումն ԱՄՆ Սենատում

Գրահամը պատճառաբանել է, թե «դեմ է բանաձեւին ոչ թե անցյալի, այլ ապագայի համար»:

Միացյալ Նահանգներում գտնվող Թուրքիայի նախագահի հետ հանդիպումից հետո ամերիկացի սենատոր Լինդսի Գրահամը վետո է դրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 150 բանաձեւի վրա, որը սենատոր Ռոբերտ Մենենդեսի առաջարկով նախատեսվում էր քվեարկության դնել Կոնգրեսի վերին պալատում՝ Սենատում:

Գրահամը պատճառաբանել է, թե «դեմ է բանաձեւին ոչ թե անցյալի, այլ ապագայի համար»: Սենատորը հույս է հայտնել, որ Թուրքիան եւ Հայաստանը կհամախմբվեն եւ կլուծեն այդ խնդիրը: Սենատի կանոնակարգի համաձայն՝ ցանկացած սենատոր կարող է արգելափակել օրենսդրական նախաձեռնությունը: Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կոչ է արել Գրահամին դեմ քվեարկել բանաձեւին, եթե համաձայն չէ դրա հետ, բայց չզրկել իր մյուս 99 գործընկերներին քվեարկելու իրավունքից: Հանձնախումբը հորդորում է Միացյալ Նահանգների քաղաքացիներին ակտիվություն ցուցաբերել, կապվել սենատորների, ԱՄՆ նախագահի եւ փոխնախագահի հետ ու պահանջել սկզբունքային քաղաքականություն եւ Հայոց Ցեղասպանության պաշտոնական ճանաչում:

*

*