Ինչո՞ւ է հայկական կողմը զսպվածություն ցուցաբերել. պարզաբանում է Լևոն Մնացականյանը

Այս անգամ հայկական կողմը սադրանքին չի տրվել, սակայն...
levon-mnacakanyan (1)

artsakhpress.am-Առաջնագծում այս պահին որոշակի լարվածություն կա: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը: Իր խոսքում նա նշել է, որ այդ լարվածությունը պայմանավորված է Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի խախտմամբ: «Հոկտեմբերի 19-ին ադրբեջանական դիպուկահարի կողմից խոցվել է մեր զինծառայողը: Մեր կողմից համարժեք պատասխանը չի ուշացել: Կարծում եմ՝ այս լարվածությունը կապված է հենց դիպուկահարների պատերազմի արդյունքում առաջացած լարվածությունից՝ չնայած հակառակորդը վաղուց այս գործելաոճն է ընտրել»,- ասել է Լևոն Մնացականյանը և հավելել, որ վերջին շրջանում ադրբեջանական կողմը երկու անգամ կիրառել է «ՍՊԱՅԿ» տիպի հեռակառավարվող հակատանկային հրթիռ, և երկու դեպքում էլ հարվածները եղել են անարդյունք:

ԱՀ պաշտպանության բանակի հրամանատարի խոսքով՝ այս անգամ հայկական կողմը սադրանքին չի տրվել, սակայն եթե նման իրավիճակներ հետագայում կրկնվեն, միանշանակ, ավելի ցավոտ պատասխան է լինելու: «Երեկ մենք չենք պատասխանել, քանի որ գտնում ենք, որ դրա անհրաժեշտությունը դեռևս չկա: Մոտ օրերս հանդիպում ենք ունենալու ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչի հետ և այս հարցերը քննարկելու ենք նրա հետ»,- ասել է Լ. Մնացականյանը:

*

*