Խորհրդարանի ներուժն օգտագործվում է արտահերթ ընտրությունները ձախողելու համար. Լենա Նազարյան

«...ի ցույց է տրվում ՀՀԿ-ի և նրան աջակցողների վախերը սպասվող ընտրությունների հետ կապված»:
lena-nazaryan

ՀՀ ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանի համոզմամբ՝ խորհրդարանի ողջ ներուժն օգտագործվում է միայն մեկ նպատակի ՝ արտահերթ ընտրությունները ձախողելու և հակահեղափոխական օրակարգ ձևավորելու համար:

Նազարյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ հերթական նիստում՝ անդրադառնալով պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի և Գևորգ Պետրոսյանի «ԱԺ կանոնակարգ օրենք»-ում փոփոխություններ կատարելու նախագծին:

«ԱԺ կանոնակարգ օրենքի 50-րդ հոդվածում ՀՀԿ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը և «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն առաջարկեցին լրացում, որով ի ցույց է տրվում ՀՀԿ-ի և նրան աջակցողների վախերը խորհրդարանական սպասվող ընտրությունների հետ կապված: Ըստ այդ առաջարկի՝ վարչապետի ընտրության ժամանակ, եթե լինեն խոչընդոտող հանգամանքներ և պատգամավորները չկարողանան ներկայանալ, ապա ԱԺ նախագահը կարող է հայտարարել, որ նիստը չկայացած է, արդյունքում ԱԺ-ն չի ցրվի: ՀՀԿ-ի  վախն այն է, որ եթե վարչապետի հրաժարականի դեպքում քաղաքացիները որոշեն հավաքվել ԱԺ-ի մոտ ու թույլ չտալ, որ պատգամավորները մասնակցեն նոր վարչապետ ընտրելու նիստին, նիստը չհամարվի չկայացած, քանի որ երկու անգամ չկայացած համարվելու դեպքում ԱԺ-ն կլուծարվի: Ահա այսպիսի մեխանիզմների մշակմամբ է զբաղված ՀՀԿ-ն ԱԺ-ում»,- ասաց Նազարյանը:

Նրա կարծիքով՝ ողջ խորհրդարանի ներուժն օգտագործվում է մի նպատակի համար՝ արտահերթ ընտրությունները ձախողելու և հակահեղափոխական օրակարգ ձևավորելու վրա: «Ուրիշ որևէ բովանդակային գործառույթ այս հսկայական բյուջետային կառույցը քաղաքացիների հաշվին չի իրականացնում: Արտահերթ ընտրություններ տեղի չունեցան մայիսին միայն այն նպատակով, որ քաղաքական ուժերը հնարավորություն ունենան վերանայել իրենց քաղաքական գիծն ու հանրային աջակցություն ձեռք բերեն մի փոքր»,-նշեց Նազարյանը:

Նա շեշտեց՝ քաղաքական ուժերը գոնե չպետք է հակադարձեն քաղաքացիների կամքին:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները