ԼՂ հիմնախնդրի կարգավորումը Ռուսաստանի առաջնահերթություններից է. Լավրով

Նա համոզմունք է հայտնել, որ այդ տարիներին կատարված որևէ աշխատանք զուր չի անցել:

Ռուսաստանի Դաշնությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հետխորհրդային տարածաշրջանում իր առաջնահերթություններից է համարում: Այս մասին, պատասխանելով հայկական լրատվամիջոցների հարցերին, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

Նախարարը հիշեցրել է, որ Ռուսաստանը Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից է, և այդ դերում ռուսական կողմը ոչ միայն հավաքական ջանքեր է գործադրում մյուս համանախագահների հետ, այլև ձգտում է, հավատարիմ մնալով ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ համանախագահների որոշումներին, առաջ քաշել նաև սեփական նախաձեռնությունները՝ հաշվի առնելով հատուկ կապերը Հայաստանի և Ադրբեջանի հետ:

Լավրովը խոսել է Կազանի 2011 թվականի գագաթաժողովի մասին, որը վերլուծաբանների կարծիքով՝ կարող էր բեկումնային լինել կարգավորման գործընթացում:

«2009-ից մինչև 2011 թվականն իրականացված աշխատանքը իսկապես շատ ինտենսիվ էր: Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպել են շուրջ 10 անգամ:  Հերթական հանդիպումը, որը նախատեսված էր Կազանում, իսկապես թույլ էր տալիս լուրջ դրական արդյունքների ակնկալիքներ ունենալ, քանի որ փաստաթղթերի նախագծերում, որոնք ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համանախագահների աջակցությամբ մշակել էր ռուսական կողմը, մեր ընկալմամբ, հավասարակշռված կերպով հաշվի էին առնվել Երևանի և Բաքվի բոլոր մտահոգությունները: Սակայն հենց գագաթաժողովի ընթացքում ի հայտ եկան հավելյալ հարցեր ու մեկնաբանություններ: Այդպես պատահում է: Մենք դա առանձնահատուկ ողբերգություն չենք դարձնում: Աշխատանքը շարունակվելու է: Համոզված եմ, որ այսպես կոչված «Կազանյան փաստաթղթում» առկա շատ դրույթներ նախկինի պես պահանջված են: Դա են հաստատում Երևանի ու Բաքվի արձագանքները դրան հաջորդած ժամանակահատվածում նախագահների, նախարարների մակարդակով ու պարբերաբար տարածաշրջան՝ Երևան, Բաքու, Ստեփանակերտ այցելող համանախագահների հետ շփումների ժամանակ»,- ընդգծել է ՌԴ արտգործնախարարը:

 

*

*