Ոչ մի «սեւ ցուցակ» Արցախը փակ չի պահի միջազգային հանրության համար. ռուս քաղաքագետ.

Լապշինի գործն ընդհանրապես դատարկ, անիմաստ նախաձեռնություն է:
tarasov

Ադրբեջանի աբսուրդային դիրքորոշումը մի շարք հարցերի առիթ է տալիս, քանի որ այդ երկիրը կորցնում է ադեկվատությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը՝ մեկնաբանելով իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի՝ ադրբեջանական բանտից ազատվելուց հետո սոցցանցի իր էջում կատարած առաջին գրառումը:

«Լապշինի գործն ընդհանրապես դատարկ, անիմաստ նախաձեռնություն էր, եւ թե ինչու Ադրբեջանը մտավ դրա մեջ, մինչ այժմ չեմ էլ հասկանում: Ինձ թվում է՝ այն հետապնդում էր որոշակի նպատակներ՝ հաշվի առնելով, որ Լապշինը մի քանի երկրների  քաղաքացի է՝  այդ թվում նաեւ Ռուսաստանի եւ Իսրայելի։ Լապշինը իրենից ինչ-որ մի նշանակալի դեմք չի ներկայացնում, ում հայտարարությունները կարող են փոխել հասարակական կարծիքը: Ադրբեջանը  պետք է լրջորեն մտածի իր գործողությունների մասին»,- ասել է նա:

Քաղաքագետը շեշտել է, որ ոչ մի «սեւ ցուցակ» Արցախը փակ չի պահի միջազգային հանրության համար:

«Արցախ այցելել են եւ շարունակելու են այցելել լրագրողներ, պատգամավորներ եւ քաղաքական գործիչներ, քանի որ, հաշվի առնելով տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, նրանք պարտավոր են այնտեղ լինել»,-եզրափակել է Ստանիսլավ Տարասովը:

*

*