Երևանի մետրոպոլիտենի կանգառներում քարոզչական պաստառները փակցված են կանոնների պահպանմամբ. ԿԸՀ պարզաբանումը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արձանագրում է․․․
kyh

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարզաբանում է տարածել Երևանի մետրոպոլիտենի կանգառներում Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող թեկնածուների քարոզչական պաստառները փակցնելու կապակցությամբ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռ սեպտեմբերի 12-ին տեղեկացել էր, որ Երևանի մետրոպոլիտենի կանգառներում փակցված  են Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող թեկնածուների քարոզչական պաստառներ:

Հանձնաժողովի հարցմանն ի պատասխան «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն (այսուհետ՝ մետրոպոլիտեն) իրազեկել է, որ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի կանոնների պահպանմամբ, Երևանի ավագանու 2018 թվականի սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունների և դաշինքների համար հավասար պայմաններ ապահովելով՝ ընտրություններին մասնակցող մի շարք կուսակցությունների և դաշինքների հետ կնքված պայմանագրերի հիման վրա մետրոպոլիտենը հնարավորություն է ընձեռել մետրոպոլիտենի կայարաններում գովազդի համար նախատեսված մակերեսին տեղադրելու նախընտրական քարոզչության պաստառներ:

Վերոգրյալի հաշվառմամբ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արձանագրում է, որ վերոհիշյալ պաստառները փակցված են նախընտրական քարոզչության կանոնների պահպանմամբ:

Միաժամանակ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրազեկում է, որ շրջայցերի արդյունքներով հայտնաբերվել են ՀՀ ընտրական օրենսգրքի կանոնների խախտմամբ փակցված մոտ երկու տասնյակ տարբեր պաստառներ, որոնք հանվել են:

*

*