Արմավիրում, Էջմիածնում եւ Հրազդանում հաղթել են ՔՊ-ական թեկնածուները․ նախնական արդյունքներ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է ՏԻՄ ընտրությունների նախնկան արդյունքները:
yntrutyun-dzerq

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է հոկտեմբերի 21-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնական արդյունքները:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են կայացել հանրապետության 9 մարզի 49 համայնքում, որից 24-ում ընտրությունները եղել են հերթական, 25-ում՝ արտահերթ:

ՏԻՄ ընտրություններ են կայացել հանրապետության 4 քաղաքներում՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքում, Արմավիրի մարզի Էջմիածին և Արմավիր քաղաքներում, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում:

Նախնական արդյունքներով Էջմիածնում քաղաքապետ է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված Դիանա Գասպարյանը. Հայաստանի առաջին ընտրված կին քաղաքապետը ստացել է 8076 ձայն:  Երկրորդ տեղում Սուրեն Մուրադյանն է՝ 3699 ձայնով: Էջմիածնի քաղաքապետի ընտրություններում ցածր մասնակցություն է գրանցվել. ընտրություններին մասնակցել է 45278 ընտրողներից 15826-ը, ինչը կազմում է ընտրողների 34,95 տոկոսը։

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում քաղաքապետ է ընտրվել ինքնաառաջադրված թեկնածու Սևակ Միքայելյանը, ով Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին է: Նախնական տվյալներով նա ստացել է 10 681 քվե, իսկ նրա միակ մրցակիցը՝ Լեւոն Ստեփանյանը՝ 4 819 քվե: Սևակ Միքայելյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, սակայն կուսակցությունը հայտարարել էր, որ Հրազդանի քաղաքապետի թեկնածու չի առաջադրել և չի սատարելու որևէ թեկնածուի: Հրազդան քաղաքում 44154 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 16259-ը, ինչը կազմում է ընտրողների 36,82 տոկոսը։

Հետաքրքիր արդյունք է գրանցվել Կապանում: Անկուսակցական Գևորգ Փարսյանը հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Նարեկ Բաբայանին: Ըստ նախնական տվյալների՝ Գևորգ Փարսյանը ստացել է 10 507 ձայն, Նարեկ Բաբայանը՝  8 499 ձայն: Կապան խոշորացված համայնքում գրանցված 34969 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 19503-ը, որը կազմում է ընտրողների 55.77 տոկոսը:

Արմավիրի մարզի Արմավիր համայնքում քաղաքապետ է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջադրած թեկնածու Դավիթ Խուդաթյանը: Նախնական տվյալներով ՔՊ-ական թեկնածուի օգտին քվեարկել է 6 693 ընտրող: Երկրորդ տեղում Օհան Հարությունյանն է՝ հավաքած 1626 ձայնով, իսկ երրորդում՝ Սևակ Մինասյանը՝ 1288 ձայնով: Արմավիրում հոկտեմբերի 21-ին կայացած քաղաքապետի արտահերթ ընտրություններին 26 հազար 36 ընտրողից մասնակցել է ընդամենը 8 հազար 969-ը:

Հոկտեմբերի 21-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներն ամփոփել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը: «Տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչների և համակիրների մեծ մասը հաղթեցին ընտրություններում, միևնույն ժամանակ արձանագրեցինք պարտություններ։

Հայաստանի 9 մարզերի 49 համայնքներում հոկտեմբերի 21-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցությունը, ժամը 20։00-ին ընտրատեղամասերի փակման պահին, ճշգրտված նախնական տվյալներով, կազմել է 43.28 տոկոս, ընտրողների ցուցակներում ընդգրկված է եղել 217 հազար 708 մարդ։ Ղեկավար ընտրող ամենախոշոր համայնքներից Էջմիածնում քվեարկել է 45 հազար 278 ընտրողների 34.95 տոկոսը, Արմավիրում՝ 28 հազար 699 ընտրողների 34.62 տոկոսը, Հրազդանում՝ 44 հազար 156 ընտրողների 36.82 տոկոսը, և Կապանում՝ 34 հազար 969 ընտրողների 55.77 տոկոսը։

 

*

*