Կորեայի դեսպանը շնորհակալություն է հայտնել ՀՀ մուտքի արտոնագրի պահանջից ազատելու որոշման համար

Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Կորեայի Հանրապետության դեսպանը
koreayi-despan

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Կորեայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ու Յուն Գընը (նստավայրը՝ Մոսկվա):

Սերժ Սարգսյանը նշել է, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 տարիների ընթացքում երկկողմ հարաբերություններում արձանագրված ձեռքբերումները դեռևս լիարժեքորեն չեն արտացոլում երկու երկրների միջև առկա համագործակցության մեծ ներուժը:

Միջպետական երկխոսությունը և տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու տեսանկյունից Հանրապետության նախագահը կարևորել է բարձր մակարդակի ակտիվ փոխայցելությունները, միջխորհրդարանական կապերի սերտացումը, միջազգային կազմակերպություններում երկու երկրների միջև ձևավորված արդյունավետ փոխգործակցությունն ավելի խորացնելու ուղղությամբ քայլերը:

Կորեայի դեսպանը վստահեցրել է, որ ջանք չի խնայի նպաստելու հայ-կորեական հարաբերությունների ամրապնդմանը, երկու ժողովուրդների փոխճանաչելիության մեծացմանը, գործարար համայնքների, օրենսդիր մարմինների միջև ակտիվ շփումների հաստատմանը, տնտեսական, հումանիտար և այլ բնագավառներում համագործակցության խորացմանը:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել նաև Կորեայի քաղաքացիներին ՀՀ մուտքի արտոնագրի պահանջից ազատելու որոշման համար՝ նշելով, որ դա ևս զգալիորեն կխթանի երկկողմ կապերի աշխուժացումը:

*

*