«Կոնգրես- ՀԺԿ» դաշինքի ասելիքն ուղղված է իշխանությանը

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Վահագն Խաչատրյանն ամփոփել է իր տպավորությունները նախընտրական քարոզարշավից:
vahagn-khachatryan

 
«Կոնգրես- ՀԺԿ» դաշինքի անդամ Վահագն Խաչատրյանը համոզված է, որ ընտրատարածքներում պատգամավորության թեկնածուները ընտրական գործընթացը դարձրել են պայքար՝ կենցաղային հարցեր լուծելու համար: Իրենց թեկնածուների միջեւ, սակայն, նման խնդիր չկա.

«Մենք հանդես ենք գալիս միասնական թիմով»,- ասել է Վահագն Խաչատրյանը:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա ամփոփել է իր տպավորությունները նախընտրական քարոզարշավից: Պատգամավորության թեկնածուն համոզված է, որ իշխանությունը լուծել է իր առջեւ դրված խնդիրը. ժողովրդին դարձրել է անդեմ: Խաչատրյանն ասել է, թե մարդիկ քաղաքական ուժերից ուզում են ոչ թե գաղափարներ, այլ իրենց նյութական վիճակի բարելավում: «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքն առաջիկայում ավելի կակտիվացնի իր քարոզարշավն. արդեն սկսել են դռնեդուռ ծրագիրը, որի նպատակը իրենց անելիքներն առավել մանրամասն ներկայացնելն է:

Վահագն Խաչատրյանը խոսել է նաեւ նախընտրական քարոզարշավի իրենց ռազմավարության մասին:

«Մեր ռազմավարության հիմնական շեշտադրումն այսպիսին էր.նախընտրական քարոզչության ժամանակ ընդդիմադիր քաղաքական ուժերին մենք որպես հակառակորդ ընդունում ենք, բայց երբեք չենք քննադատում. մենք իրենց հետ կիսելու որևէ բան չունենք: Մեր հիմնական ասելիքն ուղղված է իշխանությանը եւ իշխանության մաս կազմող քաղաքական ուժերին, որովհետեւ ստեղծված իրավիճակի հիմնական եւ միակ պատասխանատուն այսօրվա իշխանությունն է»,- ասել է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի թեկնածու Վահագն Խաչատրյանը:

 

*

*