Կիրո Մանոյան․ «ՀԱԿ-ն այնպես է խոսում խաղաղության մասին, կարծես մնացած բոլորս պատերազմ ենք ուզում»

ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանն իր խոսքում անդրադարձավ Լևոն Տեր-Պետրոսյանի հնչեցված տեսակետին․․․
kiro-manoyan

yerkir.am— Այսօր ՀՅԴ-ականները Շենգավիթում հանդիպեցին ընտրողների հետ` ներկայացնելով նախընտրական իրենց ծրագիրը: ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանն իր խոսքում անդրադարձավ նաև երեկ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի Հ1-ի «Օրակարգից դուրս» հաղորդաշարի ժամանակ հնչեցված տեսակետին` Ղարաբաղյան հիմնահարցի լուծման վերաբերյալ:

Կիրո Մանոյանը նշեց, որ Արցախի հարցում շատ չեն այն կուսակցությունները, որոնք հստակ կեցվածք ունեն: Ըստ նրա` կան դաշինքներ կամ կուսակցություններ, որոնց տեսակետը ոչ ոք չգիտի, բայց սա չի վերաբերվում ՀԱԿ-ին ու ՀՅԴ-ին:

«Կարող ենք ասել, որ ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն երկու ծայրերն ենք ներկայացնում ԼՂՀ հարցի լուծման տեսանկյունից և մեր մոտեցումները հիմնովին տարբեր են իրարից: ՀԱԿ-ն այնպես է խոսում խաղաղության մասին, կարծես մնացած բոլորս պատերազմ ենք ուզում, նույնսիկ խեղաթյուրում են` ժողովրդին ասելով, թե պետք է որոշեք` խաղաղության կուսակցություն եք ուզում, թե ոչ պատերազմի»,- ասաց Մանոյանը: Նա նշեց, որ ՀԱԿ-ի` Ղարաբաղյան խնդրի լուծման մոտեցման մեջ երկու հիմնահարց կա` նրանք Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված փաստաթուղթը համարում են անթերի` արդեն իսկ ստորագրվելու պատրաստ:

ՀԱԿ-ը, ըստ Մանոյանի, ասում է, որ եթե Հայաստանը չստորագրի Մինսկի պայմանագիրը, մեծ ճնշումներ կլինեն. «Բայց այդպես չէ, քանի որ այդ փաստաթուղթը ստորագրման պատրաստ չէ: Փաստաթուղթը, որ 2007-ի դեկտեմբերից ներկայացվել է կողմերին, իսկ 2009-ի հուլիսից` հրապարակվել, իրականում երկու բաժնից է բաղկացած, որոնց շուրջ դեռևս բանակցություններ են գնում: Այդ երկու բաժիններից մեկի հետ մենք խնդիր ունենք. դրանցից առաջինում նշվում է, թե միջազգային ինչ նորմերի հիման վրա պետք է այդ պայմանավորվածությունը լինի` խաղաղ ձևով, տարածքների ամբողջականության սկզբունքի վրա, ինչի հետ համամիտ ենք, քանի որ Արցախը երբեք Ադրբեջանի մաս չի կազմել: Փաստաթղթում կա մի կարևոր կետ էլ` Արցախի հարցը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի համաձայն, բնականաբար, սրան էլ կողմ ենք, բայց դեմ ենք այս սկզբունքների հիման վրա առաջարկվող քայլերին, որոնք, եթե 1988-ին առաջարկված լինեին, բոլորս էլ կհամաձայնվեինք` երեկ Լևոն Տեր-Պետրոսյանը հենց այդ մասին էր խոսում»:

Սակայն, ըստ Մանոյանի, 1988-ից անցել են շատ տարիներ ու շատ դեպքեր են տեղի ունեցել` Ադրբեջանը պատերազմ է նախաձեռնել, տանուլ տվել այն, նոր իրավիճակ է ստեղծվել և այսօրվա առաջարկած «լուծումը», նրա հավաստմամբ, կարծես փորձում է հատուցել Ադրբեջանի սանձազերծած պատերազմը: Հենց սրա համար էլ ՀՅԴ-ն դեմ է Ղարաբաղյան հարցի` նման լուծմանը:

Տեր-Պետրոսյանի երկրորդ գլխավոր մոտեցումը Ղարաբաղյան հարցի շուրջ այն է, որ Հայաստանի բոլոր խնդիրները կապված են Արցախի խնդրի լուծումից, ինչը, ըստ Մանոյանի, ճիշտ չէ. «Կարծես թե, եթե Արցախի հարցը լուծվի, կոռուպցիա, մենաշնորհ չենք ունենա: Սա իրականության խեղաթյուրում է, և սա կտանի այն հոգեբանության, որ Արցախը բեռ է մեզ համար, որ պետք է ձերբազատվել Արցախից, որպեսզի մեր կյանքն ավելի լավ լինի: Իսկ մենք ասում ենք, որ պետք է մեր ներքին խնդիրները լուծենք, որպեսզի նաև Արցախի հարցում ունենանք ավելի արդար լուծում: Մենք նաև այն տեսակետին չենք, որ պետք է անպայման Ադրբեջանի համաձայնությունն ունենանք Արցախի հարցը լուծելու համար` խաղաղ կարգավորում չի նշանակում, որ պետք է Ադրբեջանն ավելի քան 20 տարի իր քաղաքական վարքագիծը շարունակի և բանակցություններ վարի: Մենք կարծում ենք, որ պետք է աշխատանք տարվի, որպեսզի Արցախի Հանրապետությունն անկախ ճանաչվի տարբեր պետությունների կողմից»:

Կիրո Մանոյանի հավաստմամբ` սխալ է, երբ ասում են` Հայաստանը չի ճանաչում Արցախի անկախությունը, քանի որ նախագահներն իրար նախագահ են ասում, խորհրդարաններն աշխատում են միասին: Մանոյանը նշեց նաև, որ արդեն տասը տարի է` իրենք ասում են, որ անհրաժեշտ է` Հայաստանն ու Արցախը ռազմաքաղաքական համագործակցության պայմանագիր ստորագրեն: Պայմանագիրը, Մանոյանի խոսքով, «կավելացնի» Հայաստանի կողմից Արցախի ճանաչումը, ինչպես նաև կբացատրի աշխարհին, թե ինչու ՀՀ քաղաքացի զինծառայողը հայտնվում է Արցախի և Ադրբեջանի շփման գծում, ինչու են Արցախի բնակիչները ՀՀ անձնագիր գործածում:

«Պայմանագիրն անպայման պետք է կյանքի կոչվի. անցած տարվա ապրիլյան դեպքերի ժամանակ ՀՀ նախագահն այդ պայմանագիրը հանձնեց արտաքին գործերի նախարարությանը, այն արդեն պատրաստ է, բայց ասում են, որ պետք է սպասել հարմար պահին: Մեր կարծիքով` այդ հարմար պահը եկել է, ավելին, եկել էր անցած տարվա ապրիլին»,- իր խոսքն ամփոփեց Մանոյանը:

*

*