Կիրո Մանոյան. «Ցանկացած քվեարկություն, որ կատարվում է քաղաքացու ազատ կամքով, Դաշնակցության հաղթանակն է»

Եթե իրենց քվեն տան Դաշնակցությանը, ապա այդ ձայները չեն փոշիանա:
kiro-manoyan

yerkir.am- ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը երեկ Իջևանում կայացած բազմամարդ հանրահավաքի ընթացքում, դիմելով հավաքվածներին, նշեց, որ ապրիլի 2-ին ընտրությունը նրանցն է, մեր երկրի ապագան նրանց  ձեռքում է, և կոչ արեց անպայման մասնակցել քվեարկությանը՝ անկախ նրանից, թե ում օգտին են քվեարկելու, կարևոր է, որ բոլորը մասնակցեն քվեարկությանը:

«Ցանկացած  քվեարկություն, որ կատարվում է ազատ քաղաքացու կողմից` ազատ կամքով, Դաշնակցության հաղթանակն է, որովհետև դա նոր սկզբի առաջին քայլն է, որովհետև դա արդար Հայաստանի առաջին քայլն է: Մի’ խաբվեք այն ասեկոսեներին, թե իբր ամեն ինչ որոշված է` անկախ ձեր քվեարկությունից, այդպես չէ, եթե այդպես լիներ այսքան շատ ընտրակաշառքի մասին չէին  խոսի, ընտրակաշառքի արժեքը չէին բարձրացնի կամ իջեցնի:

Ըստ նրա` եթե իրենց քվեն տան Դաշնակցությանը, ապա այդ ձայները չեն փոշիանա: Մանոյանը նշեց, որ ԱԺ-ում չկա մի ուժ, որ, ընդամենը 5 մանդատ ունենալով, անի այնքան գործ, ինչքան Դաշնակցությունն  է արել, և  դա արել է և՛ ընդդիմության մեջ, և՛ իշխանության մեջ:

«Դուք քվե տալիս եք ոչ թե, որ կուսակցությունները լինեն ընդդիմություն, այլ որպեսզի այդ կուսակցություններն իրենց նպատակներն իրականացնեն, իսկ մենք ցույց ենք տվել, որ թե’ ընդդիմության մեջ, թե’ իշխանության մեջ հետամուտ ենք, որպեսզի մեր ծրագրերն իրականանան: Ապրիլի 2-ն այն հնարավորությունն է, որ դուք ևս գոնե առաջիկա 5 տարվա համար լինեք մասնակիցը մեր երկրի ապագային, որովհետև այլևս միակ մարմինը, որը ժողովրդի կողմից ուղղակի ընտրվելու է, Ազգային ժողովն է»,- ասաց Մանոյանը, ապա հավելեց. «Որպեսզի մենք մասնակից դառնանք երկրի պետականության շինարարությանը, անհրաժեշտ է ձեր քվեն, ձեր վստահության քվեն ենք ուզում և խոստանում ենք, որ այդ քվեն չենք փոշիացնի»:

*

*