Կիրո Մանոյան. «Գերմանիան չի ընդունի Հայոց ցեղասպանության բանաձևի առնչությամբ Էրդողանի պահանջը» — Երկիր Մեդիա

Կիրո Մանոյան. «Գերմանիան չի ընդունի Հայոց ցեղասպանության բանաձևի առնչությամբ Էրդողանի պահանջը»

Էրդողանը պահանջել է, որ Մերկելը հայտնի, թե Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը կառավարության տեսակետը չի հայտնում:
kiro-manoyan

Գերմանիայի կառավարությունը չի ընդունի Հայոց ցեղասպանության բանաձևի առնչությամբ առանձին հայտարարություն անելու Թուրքիայի նախագահ Էրդողանի պահանջը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

«Գերմանիայի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, երկրի նախագահն էլ նախորդ տարի արդեն խոսել է այդ մասին: Կարծում եմ, որ Թուրքիայի առաջարկին  Գերմանիայի կառավարությունն ընդառաջ չի գնա: Կառավարության անդամ բոլոր խորհդարանականները կողմ քվեարկեցին, իսկ Արտգործանախարարն ու վարչապետը բացակա էին նիստից: Եթե նույնիսկ երկուսով դեմ են, չեմ կարծում, որ ամբողջ կառավարությունը կողմ կլինի արդեն կայացված որոշմանը հակառակ քայլ կատարելուն»,- ասաց Կիրո Մանոյանը` նշելով, որ նախ վստահ չէ, որ Թուրքիայի պահանջի մասին գերմանական մամուլում գրվածը իրականություն է:

Անդրադառնալով այն հարցին, որ Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումից հետո անհրաժեշտություն կա հարցի ժխտումը քրեականացնելու ուղղությամբ քայլերի կատարմանը` Կիրո Մանոյանը նշեց, որ դա պետք է դիտարկել այս փուլում նպատակահարմարության տեսանկյունից:

«Տեղում պետք է որոշվի, թե որքանով է նպատակահարմար, սակայն դրանից բացի տեսակետներ հնչեցին այն մասին, որ Գերմանիան ընդունել է իր պատասպանատվության բաժինը, հետևաբար կարելի է նաև մտածել այդ պատասխանատվության կիրառման ձևերի մասին: Եթե պատասխանատու է կամ մեղսակից է, ապա դրա համար ինչպես պետք է հատուցի: Այդ մասին ևս պետք է մտածել»,- ասաց Կիրո Մանոյանը:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումից հետո գերմանական և թուրքական լրատվամիջոցները գրել էին, որ Էրդողանը բացասական է պատասխանել Ինջիրլիքի ռազմաբազա գերմանացի պատգամավորների այցը թույլ տալու պահանջին: Որպես նախապայման Էրդողանը պահանջել է, որ Մերկելը հայտարարություն անի այն մասին, թե Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը կառավարության տեսակետը չի հայտնում: Այդուհանդերձ, ըստ գերմանական և թուրքական լրատվամիջոցների, Մերկելն անհնար է համարել նման հայտարարության հնչեցումը:

*

*