Ճիշտ պահն է ստորագրելու ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ ռազմական փոխօգնության պայմանագիրը

Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման շուրջ մինչեւ տարեվերջ լուրջ առաջընթաց սպասել պետք չէ։

Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման շուրջ մինչեւ տարեվերջ լուրջ առաջընթաց սպասել պետք չէ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Դաշնակցության Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը։ Նրա կարծիքով, պատճառը Ադրբեջանի ոչ կառուցողական մոտեցումներն են, այդ երկրի ղեկավարությունը ոչ մի կերպ չի ուզում ընդունել Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը։

Դաշնակցության ներկայացուցիչը կարեւորել է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ ռազմական փոխօգնության պայմանագրի ստորագրումը։

«Կարծում եմ, որ հիմա այդ պահն է ստորագրելու, որը կնպաստի Ղարաբաղի միջազգային ճանաչման գործընթացներին: Իհարկե, պատրանք չունենք, բայց այդ դեպքում ճիշտ կհասկանան Հայաստանին։ Որովհետեւ այն մոտեցումը, թե Արցախի ճանաչումը պատերազմ է ենթադրում, խեղաթյուրված է»,-ասել է Կիրո Մանոյանը։

Իսկ Հանրապետական կուսակցության անդամ Արտակ Դավթյանն էլ խոսել է մեկ այլ պայմանագրի շուտափույթ կնքման անհրաժեշտությունից։ Պատգամավորն այն անվանել է «խաղաղության մեծ պայմանագիր»:

«Քանի դեռ Ադրբեջանը չի հարգում ուժի չկիրառման պայմանավորվածությունը, փոխհամաձայնության գալ երբեք չի ստացվի: Խաղաղության մեծ պայմանագիր պետք է ստորագրվի եւ պետք է հստակ նշվի այս կետրը։ ԵԱՀԿ-ն է զբաղվում հակամարտությամբ, որի համար ուժի չկիրառումը հստակ պահանջ է։ Եւ այն ընդունվել է ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Արցախի կողմից։ Եվ մինչեւ չլինի այս պայմանագիրը, խոսել ինչ-որ հարցերից, հնարավոր չէ»,-ասել է պատգամավորը։

«Մինչեւ առաջիկա խորհրդարանական ընտրությունները, անհրաժեշտ է ստորագրել Արցախի եւ Հայաստանի միջեւ պայմանագիրը, որի նախագիծն, ի դեպ, մինչ այսօր չեմ տեսել։ Բայց մի բան հստակ է, դրանում պետք է նշվի, որ Հայաստանը չի կարող փոխարինել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը՝ հարցի կարգավորման բանակցություններում։ Իհարկե, ինչպես նշեցի, պատրանք չունենք, որ վաղը պետությունները կճանաչեն Արցախը, բայց անհրաժեշտ է, որպեսզի պայմանագրից բխող հարցերի էությունը պարզ դառնա: Այդ ինչպե՞ս է, որ Հայաստանի զինակոչիկը հայտնվում է Արցախի եւ Ադրբեջանի շփման գծում, այդ ինչպե՞ս է, որ Լեռնային Ղարաբաղում գործածում են նույն Հայաստանի անձնագիրը: Այս բոլորը բացատրելու համար անհրաժեշտ է այդ պայմանագիրը ստորագրել»,- նշում է Կիրո Մանոյանը:

*

*