Խորհրդարանը մարտի 2-ին նախագահ կընտրի

Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, որ վարչապետի թեկնածու ներկայացնելուց առաջ պետք է ներկայացնեն նախագահի թեկնածուին
hhk

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ՀՀ նախագահի թեկնածուի վերաբերյալ քննարկումները կսկսի մեկնարկած շաբաթվա ընթացքում: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: 

«Այս պահին թեկնածուների անուններ դուք չեք կարող իմանալ, որովհետև մենք այդ հարցի վերաբերյալ քննարկումներ դեռ չենք ծավալել: Երբ մենք կսկսենք քննարկումներն արդեն այս շաբաթվա ընթացքում և կունենանք որոշում, բոլորդ այդ մասին կիմանաք»,- նշեց Բաղդասարյանը: Նա ընդգծեց, որ նախագահի ընտրության ժամանակահատվածը փետրվարի 28-ից մարտի 10-ն է՝ հավելելով, որ ամենայն հավանականությամբ խորհրդարանում ՀՀ նախագահի ընտրությունը տեղի կունենա մարտի 2-ին:

Հարցին՝ հստակությո՞ւն կա վարչապետի թեկնածուի վերաբերյալ, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, որ վարչապետի թեկնածու ներկայացնելուց առաջ պետք է ներկայացնեն նախագահի թեկնածուին, որից հետո կսկսեն վարչապետի թեկնածուի վերաբերյալ քննարկումները: Նա նշեց, որ քննարկումներից հետո որևէ բան գաղտնի չի մնա, և բոլորը կիմանան կայացված որոշումների մասին:

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի լիազորություններն ավարտվելու են 2018թ. ապրիլի 9-ին: Մինչ այդ՝ նոր Սահմանադրությամբ ՀՀ Ազգային ժողովը պետք է ընտրի հանրապետության նոր նախագահին, իսկ Սերժ Սարգսյանի լիազորությունների ավարտից հետո կառավարությունը հրաժարական կտա: Դրանից հետո  խորհրդարանը պետք է ընտրի վարչապետ, ով կձևավորի նոր կառավարությունը:

*

*