Նոր խորհրդարանում չեն լինի Եվրոպական ինտեգրման և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովները

Հրայր Թովմասյանը նորընտիր խորհրդարանի համար օպտիմալ է համարում 8-10 մշտական հանձնաժողով ունենալը:
hrayr-tovmasyan

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը նորընտիր խորհրդարանի համար օպտիմալ է համարում 8-10 մշտական հանձնաժողով ունենալը: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Հրայր Թովմասյանը նշեց, որ նոր խորհրդարանում մշտական հանձնաժողովների թիվը կկրճատվի:

«Այս պահին ես կարող եմ երկու հանձնաժողովի մասին ասել, որոնք չեն լինի: Խոսքը Եվրոպական ինտեգրման և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովների մասին է: Եվրոպական ինտեգրման հանձնաժողովը իր լիազորություններով և գործունեությամբ չի տարբերվում արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովից, իսկ մարդու իրավունքների հանձնաժողովը` պետաիրավական հարցերի հանձնաժողովից»,- ասաց ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարը:

Թովմասյանն անդրադարձավ նաև նորընտիր խորհրդարանի աշխատանքները սկսելու ժամկետներին: Նա նշեց, որ նոր խորհրդարանի առաջին նիստը կգումարվի ապրիլի 27-ին, որի ընթացքում Սահմանադրության ուժով կառավարությունը հրաժարական կներկայացնի: Դրանից հետո 10 օրվա ընթացքում կնշանակվի նոր վարչապետ, 20 օրվա ընթացքում կձևավորվի կառավարություն, որն էլ 20 օրվա ընթացքում Ազգային ժողովի քննարկման կներկայացնի կառավարության ծրագիրը: Ազգային ժողովը կառավարության ծրագիրը կքննարկի արտահերթ ռեժիմով` հնգօրյա ժամկետում:

*

*